Վերածնունդ

Վերածնունդ կամ Ռենեսանս (ֆր.՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento), Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։

Մշակույթ

Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը, այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ է դրել Ջորջո Վազարին)։ Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքն առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջողությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեղ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ)։ Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։

Վերածննդի կերպարվեստ

Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա՝ այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական

տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։

Երաժշտություն

Վերածննդի շրջանի պրոֆեսիոնալ երաժշտությունը կրել է ժողովրդականի ազդեցությունը, ներթափանցվել է հումանիստական աշխարհընկալումով, որը նախ դրսևորվել է առաջադիմական Art nova (Նոր արվեստ) ուղղության ներկայացուցիչների ստեղծագործությունների մեջ (14-րդ դար, Իտալիա)։ Հոմոֆոն՝ հարմոնիկ երաժշտության ձևավորումից հետո զարգացել են մենակատարային, վոկալ, վոկալ նվագակցությամբ և գործիքային պիեսները, օպերան, կանտատը և օրատորիան։ Ի հայտ եկան աշխարհիկ երաժշտարվեստի բազմազան ժանրեր, որոնցից են՝ ֆրոտտոլան և վելլանելլան Իսպանիայում, բալլադը Անգլիայում, մադրիգալը Իտալիայում։ Վերածննդի դարաշրջանում կազմավորվել են երաժշտական նոր ժանրեր, առաջացել են լյուտնյայի, երգեհոնի, վյորչինելիի նվագի ազգային դպրոցներ։ Զարգացել է կատարողական արվեստը, կատարելագործվել է ջութակը և նրա ընտանիքի գործիքները։ Ստեղծվել է երաժշտական հատուկ գրականություն։ Իտալիայում 15-րդ դարի վերջին հնարվել է նոտագրությունը։

Ճարտարապետություն

Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ հունա-հռոմեական շինարարական արվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին և ձևերին։ Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները, քաղաքային տները։ Ճարտարապետության մեջ Վերածննդի ոճի հաստատմանը մեծապես նպաստել են Լ. Բ. Ալբերտիի, Ջ. դա Վինյոլայի, Ա. Պալլադիոյի տեսական տրակտատները։ 15-րդ դարում Իտալիայի երկնակամարում փայլեց հանճարների մի իսկական համաստեղություն։ Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ջորջոնե, Ռաֆայել, Տիցիան, Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։ Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։ Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։ Դա այն ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած՝ «…հիացած Արևմուտքի առջև դիմականգնեց մի նոր աշխարհ՝ հունական հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ Վերածնության

արվեստի համար և Վերածննդի մեծերն անտիկ կոթողների օրինակով ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում դիտողին։ Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ Աթենքը դառնալ և Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն՝ Ֆիդիասի սխրանքը։ Անշուշտ, բոլորս գիտենք Միքելանջելոյի վեհաշունչ Դավթին, Լեոնարդո դա Վինչիի գեղեցկուհի Ջոկոնդային, Ռաֆայելի՝ վճիտ հայացքով Սիքստինյան տիրամորը, Ջորջոնեի հիասքանչ Հուդիթին… նուրբ ու գեղեցիկ կանացի կիսադեմեր, սիրունատես, քաջարի պատանիներ, որոնք ուժ ու բերկրություն են մարմնավորում, ֆիգուրների հուզախռով բազմություն, բարձրացող ձեռքեր, պոկված իրաններ, ջլերի սլացք, մկանների երկունք… Եվ այդ ամենը միայն խանդաղատանք են առաջ բերում։ Ամեն ինչ պարզ է, իրական, ակնահաճո ու սրտամոտ և հետապնդում է որոշակի նպատակ։ 15-րդ դարը Իտալիայի համար դժվար ժամանակաշրջան էր, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի հետ մրցակցությունը, Եվրոպայի հյուսիսից անընդհատ հարձակումները լուրջ վտանգի առաջ էին կանգնեցրել երկիրը։ Այդ ամենին գումարած նաև ավատական երկպառակությունները, սկիզբ առնող դասակարգային պայքարը, խռովությունները, արյունալի ընդհարումները, խարդավանքն ու թշնամանքը, երբ միայն ուժով ու ճարպկությամբ էր հնարավոր գոյություն պահպանել։ Հիշենք Բենվենուտո Չելինիի ինքնակենսագրականը, որտեղ մեծ քանդակագործը, ժողովրդական անպաճույճ լեզվով ներկայացնելով իր ապրած կյանքի պատմությունը, տալիս է նաև դարի բնութագիրը։ Բենվենուտոն ճանաչված արվեստագետ էր, օժտված գերբնական տաղանդով, բոլորի կողմից փառաբանված, բայց ապրելու և ստեղծագործելու համար ստիպված էր պայքարել՝ շատ հաճախ խտրություն չդնելով միջոցների մեջ, որովհետև այդպես էր պահանջում ժամանակը, այդպիսին էին ժամանակի բարքերը։ Ամրակազմ, ուժեղ, զենք բանեցնելու մեջ վարժ, կոփված լինելը գոյության պայման էր, ու ոչ միայն սեփական կյանքի, այլև՝ մերձավորների։ Այդպիսի մարդիկ էին հարկավոր նաև երկրին, որը ճակատագրական օրեր էր ապրում։ Հյուսիսից չդադարող հարձակումներն ու ոտնձգությունները, տարբեր կուսակցությունների ու խմբավորումների գժտությունները չէին կարող չհուզել Իտալիայի մեծ մարդկանց։ Հենց Դավիթի պես պիտի լինել հայրենիքի զինվորն ու քաղաքացին, այդպես ուժեղ, մոլեգին ու ահարկու։ Ահա թե ինչու նրանք իրենց հայացքները սևեռեցին գեղեցիկ, առողջ, գործունակ, հուժկու և քաջարի կերպարների վրա, փորձելով տեսնել նաև նրանց ներսում եռացող հույզերն ու կրքերը։ Ահա թե որտեղից էր գալիս հետաքրքրությունն անտիկ աշխարհի նկատմամբ, ինչու էին Վերածնության դարաշրջանի մարդու համար օրինակ ծառայում անտիկ հերոսների սխրանքները։ Ահա թե ինչպես հաստատվեց գեղեցիկի տիրապետութությունը։ Առողջ և գեղեցիկ մարմին և առողջ ու գեղեցիկ հոգի։ Այդպիսին չէ՞ հրաշագեղ Ջոկոնդան իր առեղծվածային ժպիտով, որը դրանով հանդերձ, նույնքան իրական է, որքան բնորդուհին։ Դա աշխարհիկ առաջին դիմանկարն էր, որով համաշխարհային գեղանկարչության մեջ հիմք դրվեց մի նոր ժանրի։ Ջորջո Վազարին իր «Ամենանշանավոր գեղանկարիչների, քանդակագործների և ճարտարապետների

վարքագրության» մեջ այսպիսի տողեր է գրել մեծ քանդակագործի մասին. «… որը ընդունակ էր բացարձակապես բոլոր արվեստներում ու ցանկացածդ արհեստում հենց միայն իր ստեղծագործությամբ ցույց տալ, թե ինչքան կատարյալ կարող է լինել նկարչությունը գծերով ու ուրվագծերով, լույսով ու ստվերով արտահայտչականություն հաղորդելով առարկաներին, ճշգրիտ դատողությամբ քանդակներ կերտելով և կառուցելով հարմարավետ, հաստատուն, համաչափ, ճարտարապետական զանազան զարդարանքներով հարուստ շենքեր»։ Իսկ ազատամիտ իմաստուն Լեոնարդո դա Վինչին, երկնային բարձունքների ու երկրային հովիտների տիրակալ Ռաֆայելը, ինքնաբուխ ու զորավոր մյուս հանճարները փնտրեցին ու գտան նոր մարդուն, որ սիրում է կյանքը, լի է կյանքով և ապրում է գեղեցիկի թագավորությունում, ուր ամեն ինչ ներդաշնակ է նրա արտաքին ու ներքին նկարագրին։ Այսպիսին է իտալական Վերածնունդը, որը Էնգելսի բնորոշմամբ «… մարդկության կողմից մինչև այդ ապրած մեծագույն առաջադիմական հեղաշրջումն էր, դարաշրջան, որ տիտանների կարիք էր զգում և ծնեց տիտաններ՝ մտքի, տենչի ուժով…»։ « Վերածնունդը տեղի է ունեցել Իտալիայում»։

Փիլիսոփայության հիմնական ուղղություններ

Վերածննդի խոշոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ուժեղ հարված հասցրեց միջնադարյան մտածելակերպին, դեն նետեց կրոնա-միստիկական գաղափարախոսությունը և նոր, աշխարհիկ իր բնույթով ռացիոնալ մտածողության հիմք դրեց, որը փոխարինելու էր եկել միջնադարյան կրոնա-միստիկական աշխարհայեցողությանը։ Այդ հողի վրա առաջացավ ռեալիզմը, որը նոր շրջանի խոշորագույն նվաճումն էր։ Ռեալիզմը, որպես աշխարհաճանաչման, իրականության յուրացման յուրահատուկ մեթոդ, առաջացել է գեղարվեստական մտածողության զարգացման բարձր աստիճանում, երբ հաղթահարված էր ոչ միայն անտիկ աշխարհի դիցաբանական մտածողությունը, այլև քրիստոնեական միջնադարի կրոնա-միստիկական աշխարհայեցողությունը։ Վերածննդի դարաշրջանի ռեալիզմը քննադատական ռեալիզմ էր. ճշմարտացիության սկզբունքը գիտակցված կերպով օգտագործվում էր տիրող կարգի ախտերը ցուցադրելու և դատապարտելու նպատակով։ Ռեալիզմը տարբեր ժամանակներում տարբեր բովանդակություն է ունեցել։ Վերածննդի ռեալիզմի բնորոշ գիծը՝ երկպլանային ռեալիզմ էր. կենսական ճշմարտության օրենքը երկու իմաստ ուներ։ Մի կողմից՝ ճշմարտացիորեն նկարագրվում էր ավատատիրական հասարակության կյանքը, որպես չարիքի աղբյուր. դա իրականի արտացոլումն էր։ Կար նաև բարձր ճշմարտություն՝ բանական ճշմարտությունը, որը թեև իրական չէր, իրականում գոյություն չուներ, բայց պետք է ձգտել, պայքարել, որ գոյություն ունենա, իրականանա։ Ելնելով այդ երկրորդ, բարձր կարգի ճշմարտությունից՝ նրանք մարմանավորում էին իրենց իդեալական պատկերացումները ապագա բանական ցանկալի կյանքի մասին։ Ճիշտ է, դա մտացածին աշխարհ էր, հումանիստական պատկերացումների արդյունք, բայց

գեղեցիկ էր, հմայիչ, որովհետև այն ավետյաց աշխարհն էր, որով նրանք ապրում և ոգեշնչվում էին։ Վերածննդի ռեալիզի այս բնորոշ գիծը հետագայում անցավ լուսավորական դարաշրջանի ռեալիզմին։ Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայության հաջորդ ուղղությունը հումանիզմն էր, որն սկզբնավորվելով և զարգանալով Իտալիայում 14 -15-րդ դարերում, այնուհետև լայն տարածում գտավ եվրոպական մյուս երկրներում։ Այս ուղղությունը կոչվում է հումանիստական, որովհետև նրա ներկայացուցիչները մարդուն համարում էին աշխարհընկալման կենտրոն և ապացուցում էին, որ մարդը կարող է անսահմանափակ կատարելագործվել և իր ուժերով կերտել իր երջանկությունը։ Մարդկային անհատը, ըստ նրանց ի սկզբանե ազատ էակ է, որը օժտված է հսկայական ստեղծագործական պոտենցիալով և իրավունք ունի ինքնահաստատման։ Հումանիստներն առաջիններից էին, որ զգացին միջնադարի մայրամուտը և վաղ կապիտալիստական հարաբերությունների առաջ մղվելը։ Նրանք էին, որ պայքար սկսեցին հոգևոր-կաթոլիկ սքոլաստիկայի դեմ, ինչպես նաև զբաղվում էին ֆեոդալիզմի քաղաքա-իրավական կարգերի քննադատությամբ։ Հումանիստները շեշտում են մարդու սոցիալական ակտիվությունը, պետական-հասարակական գործում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության գաղափարը։ Նրանք պաշտպանում են այն միտքը, որ մարդը պետք է կարողանա սեփական բարիքը և շահը ներդաշնակորեն զուգակցել հասարակական բարիքի և շահի հետ։ Վերածննդի դարաշրջանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական ու մշակութային փոփոխությունները իրենց ազդեցությունը թողեցին նաև կրոնական կյանքի վրա։ Սկիզբ առավ կրոնական հզոր մի շարժում, որը հայտնի է Ռեֆորմացիա (բարենորոգություն) անվամբ։ Դա կրոնական հեղափոխություն էր ուղղված Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ։ Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը մշակեցին Մարտին Լյութերը և Ժան Կալվինը։ Լյութերի և Կալվինի վարդապետության հիմքում ընկած է այն միտքը, որ մարդը փրկության կարող է հասնել միայն հավատի միջոցով։ Բարի գործերը սոսկ հավատի պտուղներն են։ Լյութերը բանականությունը համարում է հավատքի ճանապարհին կանգնած գլխավոր խոչընդոտ։ Քանի որ բանականությունն անզոր է ճանաչելու Աստծուն, ուստի հավատացյալի համար ոչ մի արժեք չունի ռացիոնալ աստվածաբանությունը կամ սքոլաստիկական փիլիսոփայությունը։ Վերածննդի ժամանակաշրջանի բնորոշ գծերից մեկն էլ բնափիլիսոփայական մտքի զարգացումն է, որը ծավալվեց բնական գիտությունների հայտնագործության հիման վրա։ Այդ դարաշրջանում են ստեղծվել ժամանակակից անգլիական գիտությունները՝ բնագիտություն, ֆիզիկա, մեխանիկա, նոր հիմքերի վրա է դրվում փիլիսոփայության պատմությունը։ Նոր ժամանակի անգլիական առաջին մեծ փիլիսոփան Ֆրենսիս Բեկոնն էր, որը բարձր էր դասում գիտության նշանակությունը։ Գիտությունը ուժ է, ուժը՝ գիտություն։ Որպեսզի մարդ կարողանա ճանաչել իր կարողությունները, կոչումը, հնարավորությունները, պետք է բանականությունն ազատագրել միջնադարյան մտածողության կապանքներից։ Միայն իրական գիտությունը կարող է ցույց տալ ճանապարհը։ Այդ դեպքում մարդ կարող է տնօրինել իր բախտը։ Բեկոնի գրչին է պատկանում «Նոր Ատլանտիդա»

ուտոպիական վեպը, որը փառաբանում է գիտության ուժն ու ծաղկումը։ Անգլիական Վերածնունդը հենց սկզբից ընդունեց հումանիստական դեմոկրատական ուղղություն։ Հումանիզմի՝ Վերածննդի դարաշրջանի գիտական ուղղության, միջնադարյան կրոնական դոգմաները խզած առաջին խոշոր ներկայացուցիչը՝ Թոմաս Մորը, հանդես եկավ ոչ միայն համամարդկային իդեալներով, այլև որպես կոմունիստական գաղափարների դրոշակակիր։ Նա վեր հանեց այն ամենը ինչ դեռևս պահպանված էր միջնադարի հասարակական կյանքի ավանդույթներում, վաղ քրիստոնեական իդեաներում, անտիկ աղբյուրներում՝ հանրային սեփականության համընդհանուր աշխատանքի, հավասարության, արդարության մի քանի սկզբունքներ և Նոր ժամանակաշրջան փոխանցեց այն բարեփոխված տեսքով։ Մորն ազատեց ունեցվածքի ընդհանրությունը կաստայական սահմանափակումներից, ձրիակերությունից, կրոնական ճգնավորական, հայրենաբաղձության գույներից։

Սոցիալիզմը դնելով ռացիոնալիստական հիմքի վրա նա փոխանցեց այն հետագա սերունդներին։ Սքոլաստիկան նրան խորթ է, նա հենվում է գիտակցության վրա, նրա հասարակական-քաղաքական դատողությունների հիմքում ընկած է հարաբերությունները մարդկանց միջև, այլ ոչ թե՝ մարդու և Աստծու միջև։ Նրա խոշոր գրվածքը կոչվում է «Ոսկե գիրք» նույնքան հաճելի, որքան և օգտակար՝ պետության լավագույն կազմակերպման և նոր կղզու՝ Ուտոպիայի մասին։ Դա ուտոպիական սոցիալիզմի առաջին խոշոր արտահայտություններից մեկն է։ «Ուտոպիա»-ն հունարեն բառ է, որը նշականում է երկիր, վայր, որ չկա։ Թոմաս Մորը պարզ գիտակցում էր, որ դա իրական աշխարհ չէ, այլ նկարագրում է ոչ թե իրականը, այլ ցանկալին։ Բայց դա այն աշխարհն է, որը Թոմաս Մորը հակադրում էր ժամանակակից հասարակությանը և համարում իդեալական կենսաձև, դեպի որը պետք է գնա մարդկությունը։ Մորի «Ուտոպիան» ներկայացավ որպես Վերածննդի ծնունդ, հումանիզմի զավակ, ընթանալով դեպի նպատակաուղղված ապագա։ Այն, որ «Ուտոպիան» հայտնվել է Անգլիայում 16-րդ դարի սկզբին պատահականություն չէր։ Թ. Մորի գիրքը երևակայության խաղ չէ, այն յուրահատուկ, թեև բացառիկ մտահայեցողական խնդիրների լուծումն է, որը հուզում էր իր ժամանակակիցներին։ Մորն ապրել է կապիտալիզմի ծննդյան շրջանում, որի պատմությունը գրված է հրով և սրով, մի ցնցող դարաշրջան, երբ մարդկային հսկայական զանգվածներ բռնությամբ դուրս էին մղվել հողից և զրկվել ապրուստի միջոցներից, քաղցի մատնվել։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ հակառակ փողի իշխանության աճմանը և անհաղթահարելի հարստանալու մոլուցքին՝ Մորը հայտարարեց, որ միայն սեփական ունեցվածքից հրաժարվելը կապահովի սոցիալական ներդաշնակություն։

Մորը եղել է ոչ միայն Նոր ժամանակաշրջանի ուտոպիական-սոցիալիստական դպրոցի, այլև նրա դեմոկրատական ուղղության հիմնադիրը։ Նա հասկացել է, որ սոցիալիզմը ոչ միայն որպես հասարակ, նպատակահարմար, ռացիոնալ

հասարակարգ է, բայց և միջոց լուծելու սոցիալական տարաձայնությունները, վերացնելու անհավասարությունն ու շահագործումը։ Մորը դեմոկրատ է և այն առումով, նա կառուցել է ուտոպիստների քաղաքական համակարգը հենվելով ազատության, հավասարության, հարգանքի սկզբունքների վրա, ինչպես որ հնարավոր էր հասկանալ իր հին ժամանակաշրջանում։ Մորը չի եղել գործնական հեղափոխական և չի հասկացել ռեֆորմացիան՝ ժամանակի հեղափոխական շարժումը, որում առաջընթացի սաղմերը պարադոքսային միահյուսվում են հետամնացության հետ։ Բայց իր իդեաներում Մորը ոչ մի բանում հետադիմական չի եղել, նա հետադարձ հայցք չի ունեցել, այլ նայել է դեպի ապագան։ մշակված փիլիսոփայության դիալեկտիկական ամբողջական ներկայացումը մարդու և բնության անխախտ միասնությունն է։ Երկրի և տիեզերքի անսահմանությունը չեն սպառվում կոնկրետ պատմական այն ձևով, որով մարմնավորված է 15 -17-րդ դարերի մտածողների աշխատություններում։ Նրանց առաջադրված կոնկրետ լուծումները պատկանում են պատմությանը, իսկ վեր հանված խնդիրները արծածվում են ապագայում և պատահական չէ, որ Վերածննդի փիլիսոփայական դիալետիկական գաղափարը նոր կյանք են ստանում Կ. Է. Ցիալկովսկու «Տիեզերական երազներում», Ա. Լ. Չիժովի «Հելիոկենսաբանության» մեջ։ Մեր ժամանակի համար և ոչ մի կերպ չի կարելի սպառված համարել Վերածննդի մարդասիրության բարոյական ժառանգությունը. մարդկային արժանապատվության և մարդկային ազատության խնդիրները։ Այն չի սահմանափակվում մարդաբանության և էթիկայի միայն տեսական ժառանգությամբ։ Մարդկության փիլիսոփայական մշակույթի անմահ ավանդը մարդկային անհատականության հարստությունն է՝ ի դեմս Վերածննդի փիլիսոփաների, ինչպիսիք են Պիկոն և Լեոնարդոն, Մորը և Մոնտեն, Բրունոն և Կամպանելան, որոնք մարմանավորում են ամբողջական ու կատարյալ մարդու մարդասիրական իդեալը, փիլիսոփայի անձի միասնությունը և նրա կյանքի ուղին, մտքերն ու գործողությունները, խոսքերն ու գործերը։

Մարդը որպես աշխարհընկալման կենտրոն

Վերածննդի դարաշրջանի մեծագույն նվաճումն այն է, որ առաջին անգամ բացահայտեց և լույս աշխարհ հանեց մարդուն՝ իր ամբողջ էությամբ։ Սկզբից ևեթ այդ ժամանակաշրջանը ուժեղ կերպով զարգացրեց անհատականությունը, հետո մարդու մեջ արթնացրեց ծայրահեղ ջանասիրություն և բազմակողմանի իմացություն։ Անհատականության զարգացումը էապես կապված էր ինքն իրեն ճանաչման, ինչպես նաև ուրիշների ճանաչման հետ։ Առաջին անգամ մարդը դիտվում է որպես ինքնուրույն արժեք, դառնում է հասարակության չափանիշ։ Վերածննդի դարաշրջանը խորտակեց միջնադարյան բարոյականության հիմքերը, առաջ քաշեց այն գաղափարը, թե արդյո՞ք երջանկությունն այս աշխարհում պետք է որոնել, ա՞յս կյանքում պետք է դրախտն ստեղծել։ Երկնային հավիտենական փառքը կորցրեց իր վարկը. քրիստոնեական կրոնը խնամքով, ամենայն մանրամասնությամբ մշակել էր մի

վարդապետություն, որը խստորեն պահանջում էր՝ հրաժարվել երկրային վայելքներից, աչքերը փակել սիրո, բնության գեղեցկությունների հանդեպ, հեռու մնալ ամեն տեսակ գայթակղություններից։ Չկար ազատ միտք, ինքնուրույն կարծիք, սեփական կամք։ Ամեն ինչ ենթարկվում էր Աստծո կամքին. վերուստ սահմանված նախախնամությունն է ամեն ինչ տնօրինում, մարդու ճակատագիրը կանխորոշված է. ինչպես Աստված սահմանել է, այնպես էլ լինելու է, ուրեմն՝ «հնազանդվի՛ր, համակերպվի՛ր բախտիդ, հլու կատարի՛ր սրբազան պատգամները»։ Այդ մտածելակերպն էր տիրում միջնադարում, իսկ դա այն դարաշրջանն էր, երբ հին ավատական կարգը տեղի էր տալիս նոր ուժերին։ Իտալիայում Վերածննդի դարաշրջանում տարբեր դասակարգերի ծագման տարբերակումը կորցրել էր իր նշանակությունը։ Իհարկե այդ ամենին նպաստեց այն, որ առաջին անգամ բացահայտվեց մարդը՝ իր մարդկային ողջ էությամբ։ Մարդկության տրամաբանական հասկացությունը գոյություն ուներ միջնադարում, սակայն հենց Վերածնունդը բացահայտեց այն։ Եվրոպական հումանիզմի՝ որպես փիլիսոփայական շարժման կրողի, հետագա ճակատագիրը դարաշրջանի հոգևոր կյանքում կապված էր մարդու խորը հասկացության և նրա կապը շրապատող աշխարհի հետ։ Հումանիստական մտածողության առաջընթացը կատարվում էր անկախ «դասական հնության վերածնության» անմիջական կապից։ Այս դարաշրջանում փոխվում է մարդու խնդրի մոտեցումը։ Սրա հիմքում դրված է անհատականության խորը հոգեբանական վերլուծությունը և մեծ ուշադրության է արժանանում մարդու ներաշխարհը։ Մարդը այժմ չէր դիտվում որպես տրեզերական հիերարխայի գլխավոր, կենտրանական առարկա, այլ բնության կենդանի էակ՝ ոչ բարձր, ոչ ցածր մյուսներից։ Դա նոր մոտեցում էր։ Առաջին անգամ տեսնում ենք մարդուն, որն ապրում է իր խելքով, գործում է բանականությամբ, հավատում է իր ուժերին, գիտակցում է, որ իրավունք ունի պահանջելու, որ հաշվի նստեն իր հետ, հարգեն իր իրավունքները։ Նոր հումանիստական ուսմունքի բնորոշ գիծը ինչպես քրիստոնեական, այնպես էլ հումանիստական մարդակենտրոնության հաղթահարումն էր։ Մարդը վերադառնում է բնությանը և դադարում է լինել աշխարհայացքի կենտրոն, թե՛ ասվածաբանական, թե՛ հումանիստական իմաստով։ Հումանիստական մարդաբանության խնդիրները քննարկվում է ֆրանսիացի մտածող Միշել դը Մոնտենի «Փորձեր» աշխատության մեջ։ Մոնտեն ստեղծում է իր յուրօրինակ, սակայն ոչ համակարգված ուսմունք մարդու և աշխարհի մասին, որը իր ուրույն տեղն է զբաղեցնում ոչ միայն համաշխարհային գրականության, այլև Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայական մտքում։ «Փորձեր»-ում խոսքը գնում է սովորական մարդու մասին։ Մարդու անհատականության, նրա ներաշխարհի նկատմամբ հետաքրքրությունը ոչ միայն հայտարարվեց, այլ իրագործվեց իր ամբողջ խորությամբ։

Մոնտենի մարդաբանության մեջ մարդը մաքրագործվում է Աստծու կողմից նախասահմանված գերբնական հիերարխիայի արժեքներից և վերադառնում է

բնության մատերիային, որպես նրա պտուղներից մեկը, բաժանելով նրան մասերի։ Միայն երևակայության միջոցով է մարդը իրեն հավասարեցնում Աստծուն, վերագրում իրեն աստվածային հատկություններ, առանձնացնում է իրեն բազմաթիվ այլ էակներից։ Մարդու իսկական արժանապատվությունը բնականից մինչ աստվածայինի բարձրացումն չէ, այլ գիտակցումը, որ նա համարվում է վսեմ, հավերժ, շարունակական, փոփոխվող բնության մի մասը։