Ռուբեն Նահատակյան. ԵՐԱԽՏԱՇԱՏ ԵՎ ՆՎԻՐՅԱԼ ԳՈՐԾԻՉԸ

Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է: Նրա գործունեությունը համակողմանի է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ. Շահպարոնյանը խմբագիր է, գրող, թատերագիր, գործարար և հասարակական-քաղաքական, մշակութային գործիչ: Եղել է Ջավախքի մշակութային, հասարակական, տնտեսական կյանքի առանցքային դեմքերից մեկը, ում հեղինակությունը և ազդեցությունը հաշվի են առել: Նա շոշափելի վաստակ ունի երկրամասի բարեկեցության և շենացման գործում: Շահպարոնյանը բազմազբաղ և մեղվաջան գործիչ էր:

Ծնվել է 1872թ. նոյեմբերի 11-ին Ախալքալաքում: Վարդանի պապը, հավանաբար, 1830-ական թվականներին գաղթել է Արդահանից Ախալքալաք: Նա և որդին՝ Գասպարը, եղել են ներկարարներ: Այնուհետև, Գասպարը զբաղվել է կտորեղենի առևտրով, առևտուր է արել վաճառաշահ Կ.Պոլսի հետ: Վ.Շահպարոնյանն սկզբնական կրթությունն ստանում է տեղի Սբ. Խաչի եկեղեցական-ծխական դպրոցում, ապա 1890թ. ավարտում է Թիֆլիսի Ներսիսյան համբավավոր կրթօջախը: Շահպարոնյանի նկարագիրը ձևավորվել է Թիֆլիսի հայկական մշակութային միջավայրում: Նրա աշխարհայացքի, գեղագիտական ընկալումների և նկարագրի վրա մեծ ազդեցություն են թողել հայ երևելիները՝ Գ.Արծրունին, Հ.Թումանյանը, Ա. Շիրվանզադեն, Դ.Դեմիրճյանը և այլք: Շահպարոնյանը ավարտել է Վիեննայի պետական համալսարանի մեխանիկական ֆակուլտետը և ստացել ճարտարագետի որակավորում:

Ուսումնառությունից հետո Շահպարոնյանը գիտելիքների հարուստ պաշարով վերադառնում է հարազատ քաղաք և 1890-ական թվականներին անմիջապես անցնում մանկավարժական աշխատանքի տեղի վարժարաններում: Նա 1905-1909թթ. դառնում է Ախալքալաքի եկեղեցական-ծխական Մեսրոպյան արական և Սանդխտյան իգական դպրոցների հոգաբարձու-տեսուչ, հոգաբարձության գանձապահ և Թիֆլիսի հայկական թատերական ընկերության անդամ:

Անվանի գործիչը գրական ասպարեզ է իջնում 1893թ.: Գրական երկերը տպագրում է պարբերական մամուլի էջերում՝ ‹‹Նոր դար››, ‹‹Մշակ››, ‹‹Արձագանք››, ‹‹Տարազ››, ‹‹Աղբյուր››, ‹‹Հասկեր›› և այլ թերթերում ու հանդեսներում: Բեղուն է Շահպարոնյանի գրիչը. նա հեղինակ է կատակերգությունների, թատերախաղերի, դրամաների, մանկական թատերախաղերի, բանաստեղծությունների, պոեմների, պատմվածքների, զավեշտախաղերի, երգիծական նորավեպերի, թերթոնների, ուղեգրությունների և այլն: 1894թ. գրել է ‹‹Վարդան Մամիկոնյան›› երաժշտական դրաման, ‹‹Միամիտ փեսացուն››, ‹‹Փչացած տելեֆոն›› և այլ երկեր:

Ցարական գրաքննությունը արգելքներ էր հարուցում նրա գործերի լույսընծայմանը, ինչպես, օրինակ՝ ‹‹Վարդ-Սալվա›› դրաման և ‹‹Արմեն-Ֆաթման››/Ալեքսանդրապոլ, 1905թ./ թատերախաղը, որոնք գրվել են 1896-1897թթ.: Բարձր են գնահատվել հատկապես թատերագրական գործերը: Այդ երկերից մի քանիսը՝ ‹Աշխեն››/Ալեքսանդրապոլ, 1909թ/, ‹‹Անտոն Սիմոնիչը››/Թիֆլիս, 1905թ./, ‹‹Արցունքի ծով››/Ալեքսանդրապոլ, 1912թ./ և այլ թատերախաղեր 1905-1910թթ. հրատարակվել են առանձին գրքերով: ‹‹Գող՝ սիրտը դող›› գործը ‹‹Հասկերի›› խմբագրությունը ևս լույս է ընծայել առանձին գրքով/Թիֆլիս, 1912թ./: Հեղինակի մի քանի գործեր բեմադրվել են տարբեր թատրոններում և գնահատվել ըստ արժանվույն: Ցավոք, նրա ստեղծագործությունների մի մասը դեռևս անտիպ է: Դրանք հիմնականում պահվում են Հայաստանի ազգային արխիվում և այլուր:

Շահպարոնյանը, մտահոգվելով իր ազգի ճակատագրով, եռանդուն մասնակցություն է ունենում գավառի հասարակական-քաղաքական կյանքին: Ըստ իր իսկ հավաստման՝ նա մինչև 1905 թվականը եղել է Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ և պայքարել իր ժողովրդի անկախության և ազատագրման համար: Այնուհետև, 1917թ., ստեղծված իրավիճակից ելք որոնելու նպատակով, Շահպարոնյանը, որոշակի ակնկալիքներով, անդամագրվում է Սոցիալիստ հեղափոխականների/էսէռ/կուսակցությանը, որը տևում է մինչև 1919թ.: Նրա նկատմամբ սահմանվում է ոստիկանական գաղտնի հսկողություն:

1895թվականին Ախալքալաքի գավառում սկսվում է գյուղացիական շարժում վաշխառուների և հողատերերի դեմ: Շահպարոնյանը ‹‹Շահ-Պարոն››, ‹‹Աթոս››, ‹‹Էլի Էն››, ‹‹Վ.Շ.›› կեղծանուններով հանդես է գալիս մամուլի էջերում հրապարակախոսական կրքոտ հոդվածներով՝ պաշտպանելով ունեզուրկների շահերը: Բայց ցարական ոստիկանությունը զգաստ էր և աչալուրջ. 1897թ. նա մի քանի օրով ձերբակալվում է: 1903թ., երբ ցարական կառավարությունը բռնագրավում է հայկական եկեղեցիների, դպրոցների և կազմակերպությունների գույքը, անխոնջ մարտիկը ոտքի է հանում ժողովրդին և կազմակերպում բողոքի ցույցեր: Սակայն ժողովրդական ընդվզումները ճնշվում են, շատերը բանտարկվում են կամ բռնում աքսորի դժնի ուղին:

Նրան ևս հալածանքներից բաժին է հասնում: 6 ամիս Ախալքալաքի, Ախալցխայի, Թիֆլիսի և Խարկովի բանտերում անցկացնելուց հետո Շահպարոնյանը 5 տարով աքսորվում է Ռուսաստանի Կալուգայի նահանգի Ժիզդռա քաղաքը: Բայց նրա բախտը բերում է. նա 1905թ. ազատ է արձակվում: Հավանաբար, ռուսական բուրժուաժողովրդավարական հեղափոխությունն իր որոշակի ազդեցությունն է ունենում, և նա հայտնվում է ազատության մեջ:

Ջավախքն իր բնաշխարհի առինքնող գեղեցկությամբ և հարուստ բանահյուսությամբ մշտապես եղել է արվեստի և գրականության գործիչների ուշադրության առարկա: Այսպես, Հ.Թումանյանը 1895 և 1901թվականներին երկու անգամ այցելել է Ախալքալաք: Ուշագրավ է, որ վերջին այցի ժամանակ նա 10 օր հյուրընկալվում է Վ.Շահպարոնյանի տանը/Թափարվանյան փող., № 1/: Անմոռաց տպավորությունների տակ Թումանյանը ցանկություն է հայտնում իր աչքով տեսնել Փարվանա գեղատեսիլ լիճը և Թմկաբերդի ավերակները. Նա մտադիր էր գրել ‹‹Փարվանա›› և ‹‹Թմկաբերդի առումը›› պոեմները: Այստեղ մեծ գրողը տեղի այլ մտավորականների ուղեկցությամբ շրջում է գավառի պատմական վայրերում, դիտում ճարտարապետական անզուգական կոթողները և ուսումնասիրում մարդկանց կյանքն ու բարքերը: Վեհաշուք Թմկաբերդը դիտելիս նա ներշնչվում է գեղեցիկ ավանդապատումով, երկար ժամանակ զննում ավերակներն ու տեղանքը և ապա

ծոցատետրում նշումներ կատարում: Այսպես է հղացվել հայ գրականսության սքանչելի գոհարներից մեկը: Ախալքալաքի արվեստասեր հանրությունը իր պաշտելի բանաստեղծի պատվին, ավանդույթի համաձայն, մեծ ճաշկերույթ է կազմակերպում Թափարվան գետի ափին, որին մասնակցում է մոտ 150 մարդ: Դրանից հետո Հ.Թումանյանը Վ.Տերյանի եղբոր՝ Ղազարոս Տեր-Գրիգորյանի/Ջավախեցի/ հետ մեկնում է Գանձա:

1905 թվականին Շահպարոնյանը վերադառնում է աքսորից հայրենի եզերք և շարունակում արգասաբեր իր գործունեությունը: Նա ապրում և շնչում էր թատրոնով: Իսկ այդ ժամանակ Ախալքալաքն ուներ թատերական աշխույժ կյանք և հարուստ ավանդույթներ: Այստեղ գործում էին սիրողական թատերախմբեր, իսկ մեծանուն դերասաններն իրենց հյուրախաղային այցերի ժամանակ լինում էին թատերական լավ ավանդույթներ ունեցող այս քաղաքում: Թատերասեր հանրության համար հիշարժան էր 1909թ., երբ հանրաճանաչ Սիրանույշը, Շահպարոնյանի հրավերով, ժամանում է Ախալքալաք և հյուր լինում նրա տանը: Սիրանույշը և տեղի թատերասեր գործիչները կազմակերպում են մի շարք ներկայացումներ քաղաքում և գյուղերում, որոնք վերածվում են արվեստի իսկական տոնի: Հավելենք նաև, որ մեծատաղանդ դերասանուհին խաղում է նաև Շահպարոնյանի հեղինակած ‹‹Արցունքի ծով›› ողբերգության ներկայացման մեջ:

Սկսած 1892 թվականից Շահպարոնյանը փաստորեն ղեկավարել է Ախալքալաքի հասարակական բոլոր աշխատանքները: Նա հոգում է նաև Սբ. Խաչի եկեղեցական-ծխական դպրոցի համար նոր շենք կառուցելու մասին, քանի որ նախկինն արդեն չէր բավարարում օրեցօր մեծացող պահանջները: 1910թ. գումարվում է եկեղեցական-ծխական դպրոցների շինարարական հանձնաժողովի նիստը, որը Վ.Շահպարոնյանին ընտրում է նախագահ: Ըստ նախագծի՝ նախատեսվում էր ունենալ 17 դասասենյակից բաղկացած մի ուսումնարան՝ մեծ դահլիճով և 5 փոքր միջանցքներով: Նախահաշիվը կազմում էր 24 հազար ռուբլի: Այն կառուցվելու էր Միքայելյան փողոցում/այժմ՝Թումանյան փողոց/ եկեղեցապատկան հողի վրա: Այդ գումարը նախատեսվում էր ստանալ եկեղեցական գումարներից, աղքատների գանձանակից,

մեծահարուստ Բայբուրդցյաններից/պապի՝ Մանուկ աղա Բայբուրդցյանի հիշատակին/, Ախալցխայի Սբ. Փրկիչ եկեղեցու՝ ուսումնարանին հատկացված միջոցներից, ինչպես նաև դրա համար կազմակերպված հանգանակություններից: 1914թ. շինարարությունն ավարտվում է, և քաղաքացիներն ստանում են հոյակապ մի շենք: Դահլիճն ու բեմը նախատեսված էին ներկայացումների և գրական, երաժշտական հավաքույթների համար: Այժմ այդ կառույցի մի մասն զբաղեցնում է ռուսական դպրոցը, իսկ մյուս հատվածը՝ մարզադպրոցը:

Վ.Շահպարոնյանը ճիգ ու ջանք չէր խնայում Ախալքալաքի գավառի տնտեսական կյանքն աշխուժացնելու և ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար: Անդադրում գործիչը բնատուր գործարար էր և ուներ նախաձեռնող բնավորություն: Այդ էր պատճառը, որ նա դեռևս 1890թ. առաջինն այստեղ կառուցում է ջրի ուժով աշխատող մեխանիկական շարժիչ՝ ջրատուրբին, որի ուժով աշխատել են մեխանիկական սղոցը և ձիթհանքը: Ավելին, 1910-1912թթ. Շահպարոնյանը Չեխիայից ներկրում է անհրաժեշտ սարքավորումներ և Ախալքալաքում կառուցում առաջին հիդրոէլեկտրակայանը: Այս ձեռնարկը Շահպարոնյանին դարձնում է շատ ճանաչված՝ վաստակելով Վարդան աղա պատվանունը: Թափարվան/Փարվանա/ գետի վրա կառուցված շինությունը եռահարկ էր. առաջին հարկում տեղավորված էին կաշեգործարանը, սղոցարանը, ալրաղացը, ձիթագործարանը և էլեկտրակայանը, երկրորդում՝ դահլիճը, ուր տեղի էին ունենում մշակութային հետաքրքրական միջոցառումներ, իսկ երրորդում՝ սեփական բնակարանները: Այս հիդրոէլեկտրակայանը հնագույններից էր ամբողջ տարածաշրջանում և խոշոր առաջադիմական քայլ էր հետամնաց գավառի համար: Բացի դրանից նա զբաղվում է նաև անասնաբուծությամբ: Բեժանո գյուղի մերձակայքում հիմնում է կովաբուծական ֆերմա: Շահպարոնյանը կովեր է ներմուծում Շվեյցարիայից և նպաստում տեղական ցեղերի ազնվացմանը: Նրա ընկերներից էր գավառում հայտնի մեծահարուստ և գործարար Վահրամ Վահրամյանը/Վահրամ աղան/, որը գինու և լիմոնադի գործարան ուներ Ախալքալաքում: Նա սերում էր Վահրամյանների ազնվականանական նշանավոր տոհմից, որոնք պատկանել են Զաքարյանների կրտսեր ճյուղին:

Մեկ կարևոր դրվագ ևս: Քաղաքի եզրով հոսող Քառասունակն գետի ձախ ափին կառուցվում է ռուսական զորքերի ռազմավան: Այդ առիթով որոշվում է նաև կառուցել Սբ. Վլադիմիրի անվամբ ուղղափառ եկեղեցի: Սինոդը թույլ է տալիս, կազմվում են նախագիծը, տեխնիկական փաստաթղթերը և գումար հատկացվում: Նախագծի իրականացումը հանձնարարվում է հմուտ և ձեռնհաս Վ.Շահպարոնյանին: Եկեղեցու շինարարությունն սկսվում է 1911թ. և ավարտվում և 1912թ.: Ճարտարապետն էր Ֆ. Վերժբիցկին: Հանդիսությանը ներկա են եղել քաղաքագլխի տեղակալ Վ.Մարգարյանը, Սուքիաս Տեր-Գրիգորյանը, ակադեմիկոս Ն.Մառը, գեներալ Ե.Ռաևսկին, Մ.Մուխրանսկին և այլք: Վ.Շահպարոնյանն աշխատանքի համար ստանում է 10 ոսկի:

Ախալքալաքի մտավորական շրջանները հոգ էին տանում ոչ միայն դպրոցահասակ, այլև նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության և կրթության մասին: 1913-1914թթ. Վ.Շահպարոնյանի անմիջական օգնությամբ և սատարմամբ մանկավարժ Տիգրան Մարգարյանը և քույրը՝ Աստղիկը, բացում են Ախալքալաքի առաջին մանկապարտեզը, որը գոյատևում է մինչև 1918թ. մայիսը:

Ջավախքի հոգևոր և մշակութային կյանքում նշանակալից երևույթ էր ‹‹Ջավախք›› երկշաբաթաթերթի լույսընծայումը: Շահպարոնյանը Լեհաստանից և Գերմանիայից ներկրում է տպագրական մեքենաներ: Այս պարբերականը հրատարակում է 1913 թվականի հունվարին, իր համախոհների՝ Պողոս Աբելյանի, Հովհաննես Մալխասյանի, Ջալալ Տեր-Գրիգորյանի և այլոց հետ միասին: Թերթը, որը տպագրվում էր Մ. Գրիգորյանի տպարանում, ունենում է 4 տարվա կյանք/1913-1917թթ./: Գրական-հասարակական այս թերթը նպատակ ուներ լուսավորություն տարածել ժողովրդի մեջ, նշավակել շահագործողներին, օգնել արհեստավորին և գյուղացուն իրենց տնտեսությունը վարելիս, ամրապնդել ժողովուրդների բարեկամությունը, բարձրացնել ժողովրդի մշակույթը և այլն: Պարբերականն իր էջերում արտացոլել է գավառի տնտեսական և մշակութային կյանքը, հանրային տրամադրությունները և առաջ քաշել հրատապ ու այժմեական բազմաթիվ հարցեր: Համարձակ հրապարակումների համար 1915 թվականի սկզբից թերթը 7-8 ամսով ժամանակավորապես դադարում է լույս

տեսնել: ‹‹Ջավախքը›› մեծ հեղինակություն էր վայելում հասարակության տարբեր խավերում՝ դառնալով մարդկանց խորհրդատուն և լավագույն բարեկամը: Պարբերականում իրենց ստեղծագործություններով հանդես են գալիս հայ գրականության նշանավոր դեմքերը՝ Հ.Թումանյանը, Ղ.Աղայանը, Ա.Իսահակյանը:

1914թ. Ախալքալաքում թատերական գործի զարգացմանը նպաստելու համար մի խումբ ախալքալաքցի արվեստասերներ դիմում են Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության խորհրդին՝ քաղաքում ընկերության մասնաճյուղ հիմնելու խնդրանքով: Առաջարկն ընդունվում է, և մասնաճյուղն սկսում է գործել: Այն էլ ասենք, որ 1915թ. Ախալքալաքում ներկայացումներով հանդես է գալիս հայ բեմի ականավոր դեմքերից մեկը՝ Հասմիկը/Հասմիկ Հակոբյան/: Բեմադրությունները մեծ հաջողություն են ունենում: Այնպես որ, Ախալքալաքը եղել է թատերական աշխույժ կյանքով ապրող քաղաք:

1917թ Վ.Շահպարոնյանը Կովկասի հայոց բարեգործական ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի նախագահն էր: Նա մեծածավալ աշխատանք է կատարում ընչազուրկներին և որբերին խնամելու, հանգանակություններ կազմակերպելու, ավերված օջախները վերականգնելու և գաղթականների կարիքները հոգալու գործում: 1918թ. Վ. Շահպարոնյանը Ախալքալաքի քաղաքային դումայի պատգամավոր էր/ձայնավոր/ և մեծ գործ է անում քաղաքում կյանքը կարգավորելու համար:

1918թ. մահացու սպառնալիք է կախվում գավառի հայության գլխին: Օսմանյան հրոսակները, մտադրվելով ոչնչացնել նաև արևելահայությանը, մայիսի 29-ին ներխուժում են Ախալքալաքի գավառ՝ ավեր ու մահ սփռելով: Ջավախքի հայությունը զենքը ձեռքին պաշտպանում է իր հայրենիքը և 5 ամիս շարունակ հակահարված հասցնում թշնամուն: Բայց պաշտպանությունը լավ չէր կազմակերպված, և ուժերն էլ անհավասար էին: Բնակիչներն ստիպված էին բռնել գաղթի ճանապարհը: Ողբերգական և տագնապալից այս դեպքերի մասնակիցն էր նաև Վարդան Շահպարոնյանը: Խառնակ այդ ժամանակ, երբ ամեն մեկը մտածում էր իր ընտանիքի փրկության մասին, նա որբանոցի 30-35 որբերի հասցնում է Բակուրիան՝ նրանց փրկելով մահվան ճիրաններից: Օսմանցիներն ամբողջովին թալանում և կողոպտում են նաև Շահպարոնյանին

պատկանող էլեկտրակայանը, գործարանները ու ավերում շենքը: Վնասը կազմում է մոտ 1.200.000 ռուբլի; Բայց նա հուսահատվողներից և խեղճացողներից չէր, այլ ուժեղ բնավորություն: 1919թ., երբ թշնամին հեռանում է երկրամասից, և կյանքը մտնում է կանոնավոր հունի մեջ, անդրդվելի գործիչը վերականգնում է էլեկտրակայանը:

Վ.Շահպարոնյանը 1919թ. ապրիլի 10-13-ը՝ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցում է Փարիզի հաշտության համաժողովին/1919թ. հունվարի 18-1920թ հունվարի 21/: Նա այստեղ զեկուցում է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի և ջավախքահայության կրած վնասների մասին՝ եռանդուն ձևով հետամուտ լինելով իր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը: Շահպարոնյանը խնդիր է առաջադրում, որ պատմական, ազգագրական, աշխարհագրական, մշակութային և այլ առումներով Ջավախքը պետք է միացվի Հայաստանին, և այլընտրանք չկա: Նա լիազորված էր Ախալքալաքի գավառի 75 տոկոս և քաղաքի 95 տոկոս հայության անունից: Հայաստանի Հանրապետությունը այս համաժողովին հրավիրված չէր: Այնուամենայնիվ, հայ պատվիրակները ներկայացնում են ‹‹Հայերի պահանջների մասին հուշագիրը››, որը պատշաճ ուշադրության չի արժանանում: Ցավոք, դա իրականություն չի դառնում մեր քաղաքական թիմի վատ աշխատանքի պատճառով:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո նա կրկին գործուն կերպով մասնակցում է գավառի շենացման և բարգավաճման գործին՝ ըմբռնումով ընկալելով նոր իրավիճակը և դրսևորելով քաղաքական խելամտություն: 1921թ. ապրիլի 28-ին Շահպարոնյանը նշանակվում է գավառի տնտեսագիտական բաժնի վարիչ: Այդ ժամանակ նա դպրոցի դահլիճում կազմակերպում է կինոթատրոն և սկսում կինոնկարներ ցուցադրել: Շահպարոնյանը զգալի գործ է կատարում Ախալքալաքի փողոցների բարեկարգման, լուսավորության անցկացման ուղղությամբ, հիմնում մերձակա Տավշանկա բլրի անտառակը, որը դառնում է բնակիչների սիրված հանգստավայրը: Իսկ 1921-1923թթ. Շահպարոնյանն աշխատում է գավառի լուսավորության բաժնի վարիչ:

Շահպարոնյանը հայրենասեր և քաղաքացիական նկարագրով օժտված անհատ էր: 1926թ. Լենինականի երկրաշարժի ժամանակ նա բանվորներ է ուղարկում ավերված գոտի՝ աղետյալների համար բնակարաններ կառուցելու համար: Բոլշևիկները հատուկ ծրագրով ջանում էին վերացնել հոգևոր և ազգային բոլոր հետքերը Խորհրդային Միության ամբողջ տարածքում, նաև՝ Վրաստանում: Նրանք մտադրվում են պայթեցնել Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցին/կառուցված 1856թ./ և տեղում կառուցել…դպրոց: Համառ ջանքերով Վ.Շահպարոնյանը կարողանում է ստանալ Լ.Բերիայի ստորագրությամբ փաստաթուղթ, որ այն չի վերացվի: Ազնվաբարո և աստվածահաճո այս քայլը որակվում է որպես ազգայնականության դրսևորում և հարուցում Վրաստանի իշխանությունների դժգոհությունը: Նրան բանտարկում են: Սակայն շուտով հասարակական հզոր ճնշման տակ Շահպարոնյանն ազատ է արձակվում:

Գուցե սա նենգ ու խարդախ հաշվարկ էր, որպեսզի նա լքեր իր հարազատ քաղաքը: Այդպես էլ լինում է: Նրան արգելում են վերադառնալ Ախալքալաք՝ բռնագրավելով ունեցվածքը: Զարհուրելի այս դիպվածը խորապես հիասթափեցնում է Շահպարոնյանին, և նա 1928թ. տեղափոխվում է Երևան: Խորհրդային Հայաստանի իշխանությունները դրսևորում են հոգատարություն և բնակարան տալիս նրան: Նա այստեղ աշխատում է Հայաստանի օգնության կոմիտեի շինարարության վարչության պետ և դարձյալ ծառայում իր հայրենիքին: Շահպարոնյանի գործունեության այս շրջանը ուսումնասիրված չէ:

Բայց 1930-ական թվականներին, շատերի նման, ենթարկվում է հալածանքների և բռնությունների: Բայց քանի որ նա անբուժելի հիվանդ էր, ապա չի աքսորվում: Անձանձիր գործիչը վախճանվում է 1941թ. հունվարի 8-ին՝ խոր հետք թողնելով սերունդների հիշողության մեջ: Շահպարոնյանի աճյունն ամփոփվում է Երևանի քաղաքային պանթեոնում:

Նա կայացած և ամբողջական անհատականություն է, իսկական հայրենասեր և քաղաքացի: Շահպարոնյանի կյանքի իմաստը և խորհուրդն իր աստվածային երկրին անմնացորդ ծառայելն էր, որը նա կատարեց փառքով և պատվով: Անդրդվելի անհատի

գործունեությունը և վաստակը մեզ ներկայանում են որպես պատգամ և պատվիրան: Նվիրյալ հայորդու գործն ունի ժամանակակից հնչեղություն և արդիական նշանակություն: Բավականին ուշագրավ են նրա գործարար հատկանիշները և փորձը, որոնք մեծ և ուսանելի դպրոց են ժամանակակից ձեռներեցների համար:

Շահպարոնյանի անձն ու գործը տակավին խորությամբ արժեքավորված և գնահատված չեն: Բարեբախտաբար, Ախալքալաքում այժմ ձևափոխված տեսքով պահպանվում են նրա տունը/այժմ՝ Միկոյան փողոց №1/ և իր կառուցած եկեղեցական-ծխական դպրոցի շինությունը/այժմ՝ Թումանյան փողոց/: Մայիսի 8-ին, տեղական իշխանությունների բարեհաճ թույլտվությամբ, հանդիսավոր պայմաններում այդ կառույցի/այժմ՝ մարզադպրոց/ մուտքի մոտ ամրացվում է հիշատակի ցուցատախտակը/նկարով/՝ ‹‹Շենքը կառուցվել է Ջավախքի մեծանուն նվիրյալ Վարդան Շահպարոնյանի ջանքերով›› մակագրությամբ/վրացերեն և հայերեն/: Գրեթե ամբողջապես ավերված է Վ.Շահպարոնյանի կառուցած հիդրոէլեկտրակայանի շենքը, որը պատմական հուշարձան է և պետք է վերականգնվի: Պահպանվել է մի փոքր հատված, որը գործում է որպես հիդրոէլեկտրակայան: Ամիսներ անց տեղական իշխանությունները Թելմանի փողոցն անվանակոչեցին Վարդան Շահպարոնյանի անվամբ:

Ռուբեն Նահատակյան