11.18 ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ. ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ

1.Ցանկացած իշխանության հաջող գործունեության համար պարտադիր պայման է փորձագետների ինստիտուտի առկայությունը: Բայց այս կառույցը պետք է լինի նոր բովանդակությամբ և որակի, քանի որ մինչև այժմ եղած համանման հաստատություններն իրենց չեն արդարացրել կամ էլ եղել են հանցավոր վարչակարգերի սպասարկու ծառան: Պետք է զգուշանալ ակադեմիական կեղծ մտածողությամբ գիտնականներից, որոնք կաշկանդված են կարծրատիպերով և օտար մտածելակերպով: Այն ճիշտ կլինի ստեղծել վարչապետին կից և նրա իշխանության ներքո: Հանգամանքներից ելնելով՝ կառույցը կարող է գործել խորհրդապահական գործելակարգով: Մեզանում կա դրա նախօրինակը քրմական իշխանության տեսքով: Խոսքը քավդեացիների կամ խալդեացիների մասին է, որոնք հայ տիեզերագետ քրմերն էին: Վերջիններս օժտված էին հայեցակարգային իշխանությամբ:

2.Այժմ Հայաստանի Հանրապետության և հայության դեմ մղվում են քաղաքակրթական, բարոյահոգեբանական, տեղեկութային, ժողովրդագրական և այլ բնույթի պատերազմներ, որոնց նպատակը մեր վերջնական կործանումն է և Հայաստանի վերացումը: Ներկայումս ռազմական ուժերն այնքան էլ կարևոր չեն, որքան մտավոր ներուժը: Հետևաբար, արդիական մեծ նշանակություն ունի մտավոր բանակի ձևավորումը, որը լուրջ գործիք է ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների նկատմամբ: Խոսքը քաղաքակրթական արժեքների պաշտպանության, ցանցահենային հակահարվածի և այլ ստորաբաժանումների մասին է, որոնք վճռորոշ նշանակություն ունեն մեր պետականության համար:

3. Ասպարեզում չկա ազգային ռազմավարությունը, որը կկանխի մեր արդեն տխուր սովորություն դարձած կորուստները և լիակատար ձախողումները: Պետք է կիրառել նոր մեթոդաբանություն և մոտեցումներ, որոնք կապահովեն մեր հարատև հաղթանակները: Այդ ռազմավարության բացակայության հետևանքով ասպարեզից անհետացավ Հայաստանի առաջին հանրապետությունը, և մենք ունեցանք տարածքային, մարդկային, նյութական վիթխարի կորուստներ: Առանց զարգացման ուղենիշների և ուղղությունների հստակ ճշգրտման, մենք չենք կարող անվտանգ ապրել և առաջընթաց ունենալ: Հայերս ունենք հզոր ներուժ, որը չի գիտակցում ոչ մի քաղաքական վերնախավ: Այժմ մեզանում շատ վախվորած են խոսում Հայոց քաղաքակրթության և ազգային մեր ոգու անպարտելիության մասին: Մենք պետք է ուժեղացնենք ինքնիշխանության կարգավիճակը, առանց որի հնարավոր չէ ապահովել ազգային անվտանգության հիմնախնդիրը: Պետք է հրաժարվել օտար ցանկացած կողմնորոշումներից, որոնք մեր թուլության հավաստումն են:

4. Պետք է լրջորեն զբաղվել ներքին ճակատով, այն է՝ հինգերորդ շարասյան հարցով, որը մեծ վտանգ է մեր ապահով կեցության համար: Այժմյան ցանցային պատերազմի պայմաններում այս հանգամանքը կարող է ճակատագրական լինել մեզ համար: Շատ կարևոր է քաղաքական հատվածի լյուստրացիան և օտար գործակալական ցանցի բացահայտումը, որպեսզի մեր թշնամիներին զրկենք մեր ներքին գործերին միջամտելու հնարավորությունից: Տականքը միշտ պատրաստ է համագործակցել հակառակորդի հետ ամեն գնով՝ կաշառքով, հայրենիքը ծախելով և ներսից հարված հասցնելով: Այստեղ էական պարագա է կադրային խնդիրը, որը կարող է որոշել իշխանության ապագան և կենսունակությունը:

5. Ազգային արժեքների համակարգն ունի հիմնարար նշանակություն, որի կարևորությունը դեռևս չենք գիտակցում և դեմ ենք առնում տարբեր խոչ ու խութերի: Օտար և կասկածելի արժեքներով հեռու չես գնա, այլ կկորցնես ինքնությունդ և դիմագիծդ: Այժմ համընդգրկուն արշավ է ձեռնարկված ազգային և քրիստոնեական համակարգերի նկատմամբ, որը կործանարար ընթացք է բոլոր ազգերի և նաև մեզ համար: Մեզանում գիտությունն ու մշակույթը պետք է դառնան ռազմավարական արժեքներ, որպեսզի կարողանանք դիմակայել արհավիրքներին: Այլընտրանք պարզապես չկա:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, հայագետ