Ռուբեն Նահատակյան. ԽԱՂՏԻՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ

Խաղտիքը Հայաստանի անկապտելի մասն է կազմում և ամենահին ժամանակներից մտել է մեր երկրի կազմի մեջ: Դա նաև հայ էթնոսի ձևավորման տարածքներից մեկն է: Դեռ ավելին. այստեղ է եղել հայ քրմական դասի կենտրոններից մեկը: ‹‹Խաղտիք›› բառի մեկնությունը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք Բարձրյալի՝ Հայր Աստծո պաշտամունքի հետ: ‹‹Խաղ›› կամ ‹‹խալ›› բառը նշանակում է Հայր Աստված, իսկ ‹‹տի›› բառն ունի ‹‹մեծ›› իմաստը(1): Հետագայում, երբ մեր քրմերը տեղափոխվել են Բաբելոն և այնտեղ հաստատել հայեցակարգային հզոր իշխանություն, կոչվել են քավդեացիներ կամ խալդեացիներ, որոնք ընդամենը նշանակում են Խաղտիքից եկած հայ քրմեր: Մինչդեռ մեր հակառակորդները նրանց դիտարկել են որպես առանձին մի ինչ-որ ազգ, որպեսզի հայերի այդ հատվածը կտրեն հիմնական մասից: Ոմանք էլ դա արել են ակամա, առանց գիտակցելու(2):

Խաղտիքը գավառ, աշխարհ, նահանգ է Փոքր Հայքում: Պատմական այս տարածքն զբաղեցնում էր Պարխարյան լեռների շրջանը: Այստեղով է հոսում Ճորոխ գետը: Այն խիստ լեռնային, անտառապատ, ամրոցներով և անմատույց շրջաններով անմատույց երկիր էր: Հույները Խաղտիքի բնակիչներ էին համարում խալիբներին, արմենոխալիբներին կամ խալդայներին, իսկ երկիրը անվանում՝ Խալիբ կամ Արմենոխալիբ(3): Այդպես էին կարծում Հերոդոտոսը, Էսքիլեսը, Քսենոֆոնը, Ստրաբոնը, Պլինիոս Ավագը(4): Մեր կարծիքով՝ այս բառերը, հավանաբար, բնորոշում են մեր նախնիների աստվածային ծագումը, Հայր Աստծուց սերված լինելը:

Ուշագրավ է, որ այս նահանգի տարածքում մինչև այժմ էլ կան Մամակ և Կոնակ գյուղերը, որտեղից էլ, թերևս, ծագում են մեր նշանավոր նախարարներ Մամիկոնյանները: Հերքվում է նրանց չինական արմատներ ունենալու սին վարկածը: Այս անվանի նախարարները պարզապես ծառայել են Չինաստանում՝ հսկելով Մետաքսի ճանապարհի ապահովությունը: ‹‹Ճենք›› ազգագավառը շփոթվել է ‹‹Ճենաստան›› կամ ‹‹Չինաստան›› եզրույթի հետ՝ առաջացնելով շփոթ և տարակարծություն: Այս սխալը գոյանում է այն մտայնությունից, թե հայերն անպայման այլ ազգերի ազդեցության տակ են եղել: Մինչդեռ Հայկական լեռնաշխարհն է եղել ազդեցության մեծ շառավիղ ունեցող բնօրրանը, որը հենց մարդկության արարման օջախն է:

Խաղտիքի հետագա նպատակադրված հունականացումը արհեստական է և քմածին: Այն կապվում է քաղկեդոնական ազդեցության և տեղի հայերի հունախոս ու հունադավան լինելու հանգամանքների հետ: Իսկ քաղկեդոնականությունն ազգային հատկանիշ չէ, այլ դավանաբանական և մշակութային: Այնպես որ, հետագայի Պոնտոսը ընդամենը հունական զավթողական նկրտումների դրսևորումն է: Այս տարածքը հույների համար եղել է գաղթավայր, այլ ոչ թե հայրենիք: Օրինակ՝ հայտնի իմաստասեր և միստիկ Գեորգի Գյուրջիևը սերում էր այս հայերից, որի համար էլ կոչվում էր ‹‹հույն››: Իրականում նա զտարյուն հայ էր և հայկական գենոտիպի կրող:

Հետևաբար, այստեղի հույները Խաղտիքի, Տրապիզոնի նահանգի հույներ են, այլ ոչ թե իրենց հերյուրած հայրենիքի բնակիչ: Այս առումով ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովը հայեցակարգային, ռազմավարական, պատմագիտական կոպիտ և աններելի սխալ է թույլ տվել, երբ ընդունել է Պոնտոսի հույների ցեղասպանության մասին բանաձև: Պետք էր ճշգրիտ նշել, որ այդ հույները բարեկամ երկրի՝ Հայաստանի կամ Խաղտիքի հույներն են: Այսպես վարվելով՝ մենք հունական քաղաքական շրջանակներին տալիս ենք շատ լավ հնարավորություն՝ հավակնելու Տրապիզոնի նահանգի տարածքին: Նման պղտոր ձգտումներ հունական շրջաններն ունեցել են Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում և վիժեցրել մեր՝ դեպի ծով ելք ունենալու ռազմավարական ջանքերը: Դարեր շարունակ մղվող քաղաքակրթական պատերազմի պայմաննեում շատ կարևոր են բոլոր մանրամասները և հանգամանքները, որոնք կարող են բացասական դեր կատարել Հայկական հարցի լուծման դժվարին քայլերում: Հավելենք, որ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով(1920թ. նոյեմբերի 22)մեզ է պատկանում Էրզրումի, Բիթլիսի, Վանի և Տրապիզոնի նահանգների տարածքները՝ Տրապիզոն նավահանգստով (103.599 քառ. կմ):

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, վերլուծաբան

Ծանոթագրություններ

1.Մովսես Նաջարեան, Լեզվաբանութի՞ւն թե իմաստասիրութիւն, Երևան, Լուսակն հրատ., 2016, էջ177:

2.Տիգրան Սահակյան, Մեծ Հայաստանի Գուգարք-Գոդերձական տարածաշրջանի քաղաքական և հոգևոր-մշակութային ճակատագիրն ի սկզբանե մինչև 1988-ական թվականները, Երևան, ‹‹Տոներ›› տպագրատուն, 2004, էջ 68:

3.Թ.Հակոբյան, Ս.Մելիք-Բախշյան, Հ.Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, հ. 2, ԵՊՀ-ի հրատ., 1988, էջ 632:

4.Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2, Երևան, ‹‹Հակոբ Մեղապարտ տպագրատուն›› ԲԸ, 1995, էջ 473: