11.18 ՌՈՒԲԵՆ ՆԱՀԱՏԱԿՅԱՆ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ՝ ՆԵՐԿԱՅԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏԻՉ

Այժմ շատ են խոսում կեցության լավացման, բարեփոխումների և դրական միտումների մասին, բայց դրանք սոսկ բառեր են և ոչ ավելի: Բանն այն է, որ ներկայումս մարդկությունը հայտնվել է խոսքի մշուշում և կորցրել է առաջընթացի զգացումը: Դեռ ավելին. մենք այժմ գտնվում ենք ծուռ հայելիների թագավորությունում և կեղծ արժեքների իշխանության ներքո: Թվում է, թե սատանայական և այլասերված ուժերը ամբողջապես տիրապետում են գործունեության ասպարեզում և հագուրդ տալիս իրենց եսամոլական և նյութապաշտական ստոր կրքերին: Մի բան շատ հստակ է. այս վիճակը երկար չի կարող շարունակվել:

Իսկ առկա կացությունը բավականին մտահոգիչ է և անհանգստացնող: Խնդիրն այն է, որ մենք շատ ենք հեռացել աստվածային արժեքներից և օրենքներից: Հետընթացը և բարքերի ապականությունը բացատրվում են հենց այդ հանգամանքներով, քանի որ մենք լույսի փոխարեն գերադասում ենք խավարը, վեհի փոխարեն՝ ստորը, ազնիվի փոխարեն՝ կեղծիքը, պարկեշտի փոխարեն՝ լկտին, բարու փոխարեն՝ չարը և այլն: Ակամա հղացան նարեկացիական հանճարեղ բանաձևումները, որոնք կյանք են կերտում և հեղաբեկում միտքն ու հոգին:

Մի ուշագրավ իրողություն է աչքի զարնում. մարդիկ հասցվել են ծայրահեղ հուսահատության և անելանելիության վիճակի: Եվ սա ոչ պատահականորեն: Մութ և դիվային ուժերը մեզանում կիրառում են հոգեբանական և կենսական հատուկ տեխնոլոգիաներ, որպեսզի հավերժացնեն իրենց հանցավոր և այլանդակ իշխանությունը՝ ոչ մի հնարավորություն չտալով մարդկության լուսավոր ուժերին: Մեր կյանքը թվում է տաղտկալի մի բան, և ասպարեզում իշխում է ձանձրախտը: Այսպիսի իրավիճակում արարչական միտքը դադարում է գործել, և ամեն ինչ դատապարտվում է ամլության:

Բայց նրանք հաշվի չեն առել մի կարևոր պարագա. Երկրի վրա գործում և պայքարում են աստվածային ուժերը և այն էլ` տիեզերական կենտրոնների հովանու տակ: Պայքարը դաժան է, անզիջում և կատաղի: Այլընտրանք պարզապես գոյություն չունի: Մենք անհամար թելերով կապված ենք Տիեզերքի և Աստծո հետ՝ կազմելով այդ ամբողջի մի անքակտելի մասնիկը: Հարցը մեր կամքի, հավատի, վճռականության և անսասանության մեջ է: Այնպես որ, հաղթանակը մեզանից է կախված:

Այս առումով քաղաքական գործիչների հաղթանակը հիշեցնում է պյուռոսյան հաղթանակ և ավելի շատ նման է պարտության, քանի որ հաշվի չեն առնում աստվածային օրենքները և բարոյականության սկզբունքները: Հավելենք նաև, որ եթե Երկրի վրա, տվյալ դեպքում Հայաստանում կյանքը չի լավանում, ապա դա կանեն տիեզերական ուժերը՝ երկնային նշտարով հեռացնելով իշխանական ախտաբանական հատվածները: Դրանով իսկ կյանքի կկոչվեն առողջ և հոգևոր նոր ուժեր, որոնք էլ կտնօրինեն երկրային խնդիրները: Եվ սա այնքան էլ հեռու չէ: Կոպիտ ասած, հանցավոր տարրերի թալանով ձեռք բերած հարստությունները և արատավոր իշխանությունը լուրջ վտանգի տակ են, և դրանք փրկել անհնարին է:

Մինչդեռ մենք ունենք կյանքի արմատական բարելավման հրաշալի հնարավորություն: Խոսքն աստվածային հավատի և մանավանդ Գրիգոր Նարեկացու ‹‹Մատյան ողբերգության›› գործի մասին է, որը սխալմամբ գրական երկ են համարում: Սա մեծագույն մոլորություն է: Մեր հանճարը ճիշտ Հիսուս Քրիստոսի նման իր վրա է վերցնում մարդկության մեղքերը և մեր փրկության համար խնդրում Արարչին: Իսկ մենք պարզապես թաղված ենք մեղքերի մեջ և կտրել ենք մեր պորտալարը ոչ միայն Տիեզերքի, այլև հոգևոր մեր ժառանգության հետ: Հենց սրանով են բացատրվում մեր կյանքի խիստ վատթարացումը և մեր աստվածային կերպարի աղավաղումը: Բայց չէ՞ որ մենք պատասխանատվություն ենք կրում նաև մեր ապագա սերունդների և երկրի գալիքի համար: Եվ այս տարրական ճշմարտությունները և աքսիոմատիկ իրողությունները մարդիկ շատ դժվար են հասկանում ու պատկերացնում:

Իսկ այս զարմանահրաշ մատյանը ոչ միայն աղոթագիրք է, այլև կյանքի տեխնոլոգիաների յուրահատուկ մի ժողովածու: Շատ շատերը սա չգիտեն, բայց անընդհատ դժգոհում են իշխանություններից, որը անպտուղ զբաղմունք է: Մինչդեռ պետք է այս հրաշալի գործիքակազմի միջոցով փոխել կյանքը և ապրել կենսական վայելքների իրական դաշտում: Փաստորեն, երջանկությունը և հաջողությունը մեր անմիջապես կողքին են, իսկ մենք դեգերում ենք չիմացության բավիղներում՝ կեցությունը վերածելով հավերժական տառապանքի և տանջանքի: Եվ աստվածատուր անկախության մեզ տրած հնարավորությունը մենք այդպես էլ չենք կարողանում իրականություն դարձնել: Սա արդեն ծանր ողբերգություն է և կեցության լավացման լուրջ խոչընդոտ:

Էլ չենք խոսում այն մասին, որ քաղաքական թիմն անգամ չգիտե քաղաքականության այբուբենը, որ դա ոչ թե խաբեբայության և անբարոյականության գիտություն է, այլ հնարավորի արվեստ և տիեզերական տեխնոլոգիաների կիրառման ոլորտ: Ստրկահաճությունը ծանր մեղք է և ոչ մի կապ չունի դիվանագիտության հետ, այլ ավելի շուտ թուլության նշան է; Աստծուց չես փախչի, իսկ Տիեզերքը մեզ հետևում է հանապազ և հարկ եղած դեպքում միջամտում: Խնդիրը քաղաքական դպրոց բացելու մեջ չէ, այլ իսկական գիտելիքների իմացության և դրանց կիրառման մեջ: Այսպիսի իրադրության մեջ մենք կորցնում ենք թանկագին ժամանակը և կողոպտում ինքներս մեզ: Մինք այժմ ունենք կառավարման ոլորտի լրջագույն հիմնախնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծել, վաղն արդեն շատ ուշ կլինի:

Իսկ ‹‹Մատյան ողբերգության›› գործը պարունակում է մարդկանց պահքի, մեղքերի թողության, ապաշխարության, հաղորդության և փրկության բոլոր ծիսակարգերը, որոնց իրականացման ճանապարհը երջանկության և երանության ուղին է: Մեկ այլ ժողովուրդ այսպիսի հոգևոր զենքեր չունի, հետևաբար պետք է մեզանից սովորի կամ մեզ ընդօրինակի: Մենք ցուցաբերում ենք զարմանալի դանդաղկոտություն, անընկալունակություն, որը ոչ մի արդարացում չի կարող ունենալ: Թերևս, մեզանում անհետացել են հոգևորի ճշմարիտ ձգտումը, Աստծո պատկերը, կյանքի իսկական ուղենիշը և բնական հետաքրքրությունը բարձր արժեքների նկատմամբ:

Գրիգոր Նարեկացին կարևոր առաքելություն է կատարում և մատնանշում մարդկության իրական ուղին ու արժեքների համակարգը: Սա տիեզերական հորդորի և ուղերձի հետևանք է, որովհետև Բարձրյալը չի կամենում կորցնել իր իսկ արարած մարդուն և հոգևոր անանց արժեքները: Կյանքի բարելավումը երկնային սցենարների հիմնական նպատակն է և սևեռուն գաղափարը: Ժամն է համընդհանուր սթափության և զգաստամտության: Հարկավոր է հանդգնել փոխել իրավիճակը, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Համոզված ենք՝ սա է օրվա հրամայականը և գործելու հիմնական ուղղությունը: Չէ՞ որ մարդիկ անհամբեր սպասում են այդ օրվան և կամենում են վայելել այդ հաղթանակի պտուղները:

Վաղ անցյալում հայերս ունեցել ենք քրմական հայեցակարգային ուժեղ իշխանություն, որն այժմ կորցրել ենք: Դրա համար էլ մեզ վերապահված է մազոխիզմի նսեմ դերը, որ մենք իբր թե միշտ էլ կոտորվել ենք և ի վիճակի չենք հաղթել: Որքանով է ճիշտ մեր երկիր այցելած հյուրերին առաջին հերթին տանել Ծիծեռնակաբերդ և ցույց տալ, որ մենք պարտված ազգ ենք: Սա պատմական ժամանակավրեպ երևույթ է և յուրատեսակ շղթա, որը մեզ կաշկանդում է: Իսկ մենք արարող, հաղթող ազգ ենք և մտքի աշխարհակալ, այսինքն՝ քաղաքակրթական արժեքներ տարածող:

Մենք մոռանում ենք, որ հայերս հազարամյակներ շարունակ աստվածային կենսակերպով և հզոր հավատով ապրել ենք երջանիկ, հաղթել և վայելել կյանքն իր ողջ գեղեցկությամբ: Անգամ իմաստնություն և աստվածային ճշմարտություններ ենք տվել ամբողջ մարդկությանը՝ կատարելով ի վերուստ մեզ տրված դերը: Թեկուզ հիշենք աստվածազարմ Հայկ Նահապետին, որը հաղթեց սատանայական և բռնակալական ուժերին՝ յուրովի քննություն հանձնելով երկնային ուժերին: Եվ նրա աստվածահաճո գործը շարունակել են մեր մյուս նախնիները՝ ամենուրեք տարածելով Հայոց քաղաքակրթության արժեքները: Մի՞թե կարելի է հրաժարվել նմանօրինակ ժառանգությունից և փորձից: Հնում մեզ հետ հաշվի են նստել և մեզանից գիտելիքներ սովորել:

Այս առումով ուշադրության է արժանի պետականագիտական մեր հարուստ փորձը: Խոսքը արարչապետության, աշխարհաժողովի, ազգային միապետության և հանրապետության մասին է, որոնք պետք է խորապես ուսումնասիրել և կիրառել կյանքում: Հատկապես մեծ արժեք ունի առաջին՝ արարչապետության մոդելը, որը սերտորեն առնչվում է աստվածային հասկացությունների և տիեզերական ըմբռնումների հետ: Այսօր մենք զգալիորեն հեռացել ենք այս ընկալումներից և կերտում ենք խիստ կասկածելի և ազգային ըմբռնումներին անհարիր կառավարման ձևեր: Մենք համոզված ենք, որ մեր պետության ապագան կապված է կառավարման ոլորտում ազնվականության դերի հետ, որին է ի վերուստ վերապահված ղեկավարման շնորհները: Կարծում ենք, որ նրա վերադարձը քաղաքական ասպարեզ այնքան էլ հեռու չէ:

Գրիգոր Նարեկացին ոչ միայն ախտորոշում է մարդկության հիվանդագին վիճակը, այլև առարկայական ձևով նշում փրկության ուղին: Ի դեպ, հոգևոր այդ ուժը և աստվածային էներգետիկան ունեին նաև մեր մյուս մեծերը՝ Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և այլք: Այս երևելիների ջանքերի շնորհիվ մենք միշտ էլ հավատարիմ ենք եղել քաղաքակրթական մեր կոդին և անդուլ կերպով պայքարել ենք ազգային և քրիստոնեական արժեքների պահպանության համար: Իսկ Նարեկացին իր գործը երկնել է հենց մարդկության փրկության առաքելության խորունկ գիտակցությամբ:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, հայագետ