Որակի ապահովման 4-րդ ֆորում


«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը 2018 թվականի ապրիլի 16-17-ին կազմակերպել է որակի ապահովման 4-րդ ֆորումը, որը նվիրված է հայաստանյան մասնագիտական կրթության ոլորտի ներկայիս խնդիրներին և ապագա մարտահրավերներին:

Ֆորումի նպատակն է․

· քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները, միտումներն ու մարտահրավերները,

· վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը,

· շահակիցների քննարկումների միջոցով դուրս բերել արդիական խնդիրների լուծման համընդհանուր ընդունելի առաջարկներ,

· նպաստել որակի ընդհանուր մշակույթի ամրապնդմանը կրթության բոլոր մակարդակներում։

Ֆորումին իրենց փորձը կներկայացնեն նաև հեղինակավոր միջազգային փորձագետներ:


Թեման

Ֆորումը, պլենար և սեկցիոն նիստերով, աշխատաժողովներով ու շահակիցների քննարկումներով կանդրադառնա հետևյալ թեմաներին․

· Կամփոփվի ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին շրջափուլը, հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց ազդեցությունը կրթական գործընթացի և որակի վրա։

· Կքննարկվեն ծրագրային հավատարմագրման սկզբունքները, ընթացակարգերը, կողմերը կներկայացնեն գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց մոտեցումները։

· Կքննարկվեն քոլեջների հավատարմագրման գործընթացը, ընդհանուր ոլորտային խնդիրները և լուծման ուղիները։

· Կներկայացվեն ՈԱԱԿ-ի կողմից մշակված բուհերի արդյունավետության ցուցանիշները, նման ցուցանիշների կիրառման միջազգային փորձը, Հայաստանում դրանց կիրառման մեթոդաբանությունը և ակնկալվող արդյունքները։

· Մասնագիտական քննարկում կծավալվի օնլայն կրթության հիմնախնդիրների վերաբերյալ, կներկայացվի միջազգային հաջողված փորձը։

Մասնակիցներ

Որակի ապահովան ֆորումը քննարկումների, մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման հարթակ է մասնագիտական կրթության որակի ապահովման շահակիցների համար: Համաժողովը հատկապես կհետաքրքրի ՄՈՒՀ-երի ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դասախոսներին, որակի ապահովման պատասխանատուներին, ուսանողներին, հետազոտողներին, որակի ապահովման գործակալությունների աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են մասնագիտական ուսումնական հաստատություններում և որակի ապահովման բնագավառում:

Ֆորումնին մասնակցում էին նաև ՀՊՄՀ «Կրթության որակի ապահովման և կառավարման» բաժնի աշխատակիցները, ՀՊՄՀ ֆակուլտետների և համահամալսարանական ամբիոնների որակի պատասխանատուները։


Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։


Եվրոպացիները բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի առաջարկած մոդելն ընդօրինակելի են համարում

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) բուհ-գործատու համագործակցության իր իսկ կողմից մշակված և փորձարկված մոդելը ներկայացրել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումին։

Նոյեմբերի 23-25-ին Ռիգայում տեղի է ունեցել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական 12-րդ ֆորումը, որի շրջանակներում բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչները տարբեր երկրներից քննարկել են որակի ապահովման ընթացիկ զարգացումները, առկա միտումներն ու մարտահրավերները, ներկայացրել են դրանց լուծման իրենց տեսլականը։ ՈԱԱԿ-ը աշխատաժողով է կազմակերպել՝ նվիրված բուհ-գործատու համագործակցությանը, որի շրջանակներում որպես լավագույն փորձ ներկայացրել է հայաստանյան մի շարք բուհերում փորձարկված մոդելը։

Բուհ-գործատու համագործակցության ՈԱԱԿ-ի մոդելը մեծ հետաքրքրություն է առաջացրել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումի մասնակիցների մոտ։ Բազմազգ մասնագիտական լսարանը հարցեր է ուղղել ՈԱԱԿ ներկայացուցիչներին, հետաքրքրվել արձանագրված արդյունքներով։ Նրանք վստահություն են հայտնել, որ առաջարկվող մոդելը կիրառելի կլինի նաև իրենց երկրների համար։

Նշենք, որ առաջարկվող մոդելը ենթադրում է միջնորդավորված շփում գործատուի և դասախոսի միջև, երբ ամբիոնի վարիչն է պարբերական հանդիպումներ ունենում գործատուների հետ, վեր հանում նրանց կարիքներն ու պահանջները և դրանք տեսանյութերի միջոցով հասանելի դարձնում դասախոսներին՝ հնարավորություն տալով ըստ այդմ վերանայել դասավանդման և գնահատման մեթոդաբանությունը, մասնագիտության կրթական ծրագրերը։

Առաջարկվող մոդելը ՏԵՄՊՈՒՍ-ի ARARAT ծրագրի շրջանակներում հաջողությամբ փորձարկվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանության և մանկավարժության, այնուհետև ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ նաև թարգմանչության ոլորտներում։