Նախորդ

ԳԼՈՒԽ 29.

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ

Հոդված 308.

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը

1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն գլխում պաշտոնատար անձինք են`

1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:

4. Սույն օրենսգրքի 311-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.2-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնատար անձինք են նաև`

1) օտարերկրյա պետության` տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամները.

2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի, պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.

3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.

5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները:

(308-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-119-Ն, 28.11.06 ՀՕ-206-Ն, 09.02.12 ՀՕ-18-Ն օրենքներ)

Հոդված 309.

Պաշտոնեական լիազորություններն անցնելը

1. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հոդված 309.1.

Խոշտանգումը

1. Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,

2) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի նկատմամբ,

3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,

4) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

5) առանձին դաժանությամբ,

6) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,

7) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեք տարի ժամկետով:

(309.1-րդ հոդվածը լրաց. 09.06.15 ՀՕ-69-Ն օրենք)

Հոդված 310.

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը

Պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

(310-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն օրենք)

Հոդված 310.1.

Ապօրինի հարստանալը

1. Ապօրինի հարստանալը` «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի` հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(310.1-ին հոդ. լրաց. 23.12.16 ՀՕ-230-Ն օրենք)

Հոդված 311.

Կաշառք ստանալը

1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) շորթմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) խոշոր չափերով`

4) (311-րդ հոդ. 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2011 թվականից` 23.05.11 ՀՕ-143-Ն օրենք)

պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով,

3) դատավորի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

5. Սույն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

(311-րդ հոդվածը փոփ. 05.12.06 ՀՕ-256-Ն, 23.05.11 ՀՕ-143-Ն, 09.02.12 ՀՕ-18-Ն օրենքներ)

Հոդված 311.1.

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը

1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) շորթմամբ,

2) խոշոր չափերով,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

4) (311.1-րդ հոդ. 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2011 թվականից` 23.05.11 ՀՕ-143-Ն օրենք)

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

5. Սույն գլխում հանրային ծառայողներ են համարվում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձինք:

(311.1-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-49-Ն, 23.05.11 ՀՕ-143-Ն, 26.05.11 ՀՕ-173-Ն, 09.02.12 ՀՕ-18-Ն օրենքներ)

Հոդված 311.2.

Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը

1. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) շորթմամբ,

2) խոշոր չափերով,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

4) (311.2-րդ հոդ. 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրել է 25.05.2011 թվականից` 23.05.11 ՀՕ-143-Ն օրենք)

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(311.2-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-49-Ն, 23.05.11 ՀՕ-143-Ն, 09.02.12 ՀՕ-18-Ն, 09.06.17 ՀՕ-102-Ն օրենքներ)

Հոդված 312.

Կաշառք տալը

1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն` պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Կաշառք տալը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

(312-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 05.12.06 ՀՕ-256-Ն, 09.02.12 ՀՕ-18-Ն, 16.05.14 ՀՕ-14-Ն օրենքներ)

Հոդված 312.1.

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը

1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձ չհանդիսացողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և այդ անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

(312.1-րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-49-Ն, 09.02.12 ՀՕ-18-Ն, 16.05.14 ՀՕ-14-Ն օրենքներ)

Հոդված 312.2.

Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը

1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և այդ անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

(312.2-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-18-Ն, 16.05.14 ՀՕ-14-Ն օրենքներ)

Հոդված 313.

Կաշառքի միջնորդությունը

1. Կաշառքի միջնորդությունը` կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի կատարումը`

1) (313-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրել է 25.05.2011 թվականից` 23.05.11 ՀՕ-143-Ն օրենք)

2) պաշտոնեական դրությունն օգտագործելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

(313-րդ հոդվածը փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն օրենք)

Հոդված 314.

Պաշտոնեական կեղծիքը

1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. (314-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 25.05.2011 թվականից` 23.05.11 ՀՕ-143-Ն օրենք)

(314-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 23.05.11 ՀՕ-143-Ն օրենքներ)

Հոդված 314.1.

Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը

Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնելու, որն զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև այն պաշտոնատար անձի կողմից, որը, օրենքի համաձայն, չէր կարող լինել նաև այլ պետության քաղաքացի`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(314.1-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-77-Ն, 05.02.13 ՀՕ-3-Ն օրենքներ)

Հոդված 314.2.

Հայտարարագրերը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.26-րդ հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(314.2-րդ հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-102-Ն օրենք)

Հոդված 314.3.

Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը

1. Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

(314.3-րդ հոդ. լրաց. 09.06.17 ՀՕ-102-Ն օրենք)

Հոդված 315.

Պաշտոնեական անփութությունը

1. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

(315-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն օրենք)

Հոդված 315.1.

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը

Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը և (կամ) անօրինական կառույցները չքանդելը, որոնք կատարվել են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:

(315.1-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-190-Ն, 01.06.06 ՀՕ-119-Ն օրենքներ)

Հոդված 315.2.

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը

Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամասերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով, առավելագույնը երեք տարի ժամկետով:

(315.2-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-190-Ն, 05.02.13 ՀՕ-3-Ն օրենքներ)