ԳԼՈՒԽ 30.

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 317. Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը

Հոդված 318. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը

(318-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 16.12.05 ՀՕ-33-Ն օրենքներ)(318-րդ հոդվածն ուժը կորցրել է 28.06.2008 թվականից` 19.05.08 ՀՕ-67-Ն օրենք)

Հոդված 319. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելը

1. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի աշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը, այդ հաստատությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց, ինչպես նաև պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում գտնվող անձանց նկատմամբ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը նույն նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հոդված 320.

Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի խորհրդանիշը կամ նշանն ապօրինի օգտագործելը

Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի խորհրդանիշը և տարբերանշանները, ինչպես նաև Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի անվանումներն ապօրինի օգտագործելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդված 321.

Կապի ուղիները վնասելը

Կապի ուղիների պահպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ վնասել է միջազգային կապի մալուխային ուղիները, եթե առաջացել է կապի ընդհատում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հոդված 322.

Ինքնիրավչությունը

1. Ինքնիրավչությունը` օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

(322-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն օրենք)

Հոդված 323.

Պետական պարգևները հափշտակելը

Պետական պարգևները հափշտակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով:

Հոդված 324.

Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը

1. Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

(324-րդ հոդվածը փոփ. 30.11.11 ՀՕ-292-Ն օրենք)

Հոդված 325.

Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը

1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

(325-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.12.15 ՀՕ-180-Ն օրենքներ)

Հոդված 326.

Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը

Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև այդպիսի փաստաթղթերի ձևաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

(326-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, 21.06.14 ՀՕ-102-Ն օրենքներ)

Հոդված 327.

Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը

1. Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը` այդ ծառայությունից ազատվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով`

պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

(327-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-34-Ն օրենք)

Հոդված 327.1.

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև ծառայության վայրից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չներկայանալը երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկից երեք օր տևողությամբ`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց այլընտրանքային աշխատանքային ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:

(327.1-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն օրենք)

Հոդված 327.2.

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

պատժվում են ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում են ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած այլընտրանքային աշխատանքային ծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է ծառայության վայր, իրավապահ կամ պետական իրավասու մարմիններ:

(327.2-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն օրենք)

Հոդված 327.3.

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից իրեն որևէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

(327.3-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն օրենք)

Հոդված 327.4.

Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը

1. Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ`

պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

(327.4-րդ հոդվածը լրաց. 01.06.06 ՀՕ-59-Ն օրենք)

Հոդված 327.5.

Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը

1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

(327.5-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-275-Ն օրենք)

Հոդված 327.6.

Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը

1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`

պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,

3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով` պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:

(327.6-րդ հոդվածը լրաց. 30.04.13 ՀՕ-34-Ն օրենք)

Հոդված 328.

Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելը

Պատերազմի ժամանակ աշխատանքի մոբիլիզացիայից կամ այլ պարհակներ կատարելուց, ինչպես նաև հարկեր վճարելուց խուսափելը`

պատժվում է կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Հոդված 329.

Պետական սահմանն ապօրինի հատելը

1. Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն:

(329-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 21.06.14 ՀՕ-84-Ն օրենքներ)

Հոդված 329.1.

Անօրինական միգրացիայի կազմակերպումը

1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Հայաստանի Հանրապետություն մուտքը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է ելքի, մուտքի կամ գտնվելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում,

4) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

(329.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-84-Ն օրենք)

Հոդված 330.

Պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը

1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի փոխելու նպատակով պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

(330-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն օրենք)

Հոդված 331.

Պետական խորհրդանիշներն անարգելը

Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

(331-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն օրենք)