Նախորդը

Հոդված 24. Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը

Հաջորդը

1. Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը:

2. Այն անձինք, որոնց տասնչորս տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, ենթակա են քրեական պատասխանատվության սպանության (104-108-րդ հոդվածներ), դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու (112-116-րդ հոդվածներ), մարդուն առևանգելու (131-րդ հոդված), բռնաբարության (138-րդ հոդված), սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (139-րդ հոդված), ավազակության (175-րդ հոդված), գողության (177-րդ հոդված), կողոպուտի (176-րդ հոդված), շորթման (182-րդ հոդված), առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու (183-րդ հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (185-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու (238-րդ հոդված), թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու (269-րդ հոդված), տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու (246-րդ հոդված), խուլիգանության (258-րդ հոդված) համար:

3. Եթե անձը հասել է սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:


(24-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, 26.05.08 ՀՕ-76-Ն, 07.12.11 ՀՕ-323-Ն օրենքներ)