Նախորդը

Հոդված 15. Քրեական օրենքների գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ

Հաջորդը

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիություն չունեցող անձինք սույն օրենսգրքի 190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ, 384-րդ, 386-391-րդ, 393-397-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարելու համար ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով` անկախ հանցանքը կատարելու վայրի պետության քրեական օրենսգրքով այդ արարքը նախատեսված լինելուց կամ չլինելուց:

3. Օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցանքը կատարել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են`

1) այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով.

2) այնպիսի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության շահերի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ:

4. Սույն հոդվածի երրորդ մասում սահմանված նորմերը կիրառվում են, եթե օտարերկրյա քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք տվյալ հանցագործության համար չեն դատապարտվել մեկ այլ պետությունում և քրեական պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության տարածքում:

(15-րդ հոդվածը փոփ. 09.02.12 ՀՕ-18-Ն օրենք)