Նախորդը

Հոդված 38. Հանցակիցների տեսակները

Հաջորդը

1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:

3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք:

4. Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու` համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:

5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:

(38-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն օրենք)