stories

here you can get acquainted with the creations of my beautiful and extremely strange mind


ԵՐԱՆԵԼԻ ԱՇԽԱՐՀ

A world to dream of



- Ի՞նչ ես գրում, Քալե՛բ։

Զայրացած երիտասարդը մոտենում էր պատանի գրողին։

- Ինչու՞ ես սպանել նրան։

Նա կանգնեց Քալեբի առջև վստահ կեցվածքով, որում դեռևս եռալ պատրաստվող մեղադրանքի, խղճի ու անհանգստության զգացումները անկանոն գալարվում էին, ինչպես մտածկոտ պարոններն են քայլում փակ սենյակում` պատից պատ փոխելով քայլքի ուղղությունը ու արտաշնչելով ծխամորճից ներս ընդունած ծուխը։ Քալեբը վախեցած նայեց նրան։ Նա սպասում էր այդ հարցին, նա ուզում էր, որ այդ հարցը տան իրեն։

- Ես տարբերակ չունեի։

- Այդ ինչու՞,- զարմացավ երիտասարդը։

Քալեբի աչքերը դողում էին, սրտում այրոցի զգացումը հետզհետե ուժգնանում էր։ Այն բութ էր, անհստակ։ Քալեբը երկու անգամ ուժեղ հարվածեց սրտին` փորձելով արթնացնել այդ զգացումը, կարծես փորձում էր փչացած հեռուստացույցը կարգի բերել, կարծես մի բան շարքից դուրս էր եկել ներսում։ Նա վեր կացավ ու մոտեցավ գրամեքենային։

- Քա՛լեբ, հե՛յ, սպասի՛ր, որտե՞ղ է նա, որտե՞ղ է Կլառան։

Քալեբը սկսեց չխկչխկացնել գրամեքենան…

«Անձրևի հաստ կաթիլները բախվում էին մեքենայի արագ սլացող հոսքին ու մի կողմ նետվում դեպի անէություն ընթացող զորեղ շարժիչի ճանապարհից։ Մարկի ոտքը չէր դադարում ճնշում գործադրել` մշուշոտ գիշերվա նկարը պատռելով ընթացող ամենագնացի ոտնակին։ Նրա թմրած հայացքը չէր տեսնում ոչինչ, բացի թարմ հիշողության պատկերներից։ Կարմիր զգեստով Լիդիան, բաց պարզած ձեռքերով , նայում էր իրեն տակնուվրա եղած սենյակի խորքից, որի պատերը երկարելով ավելի ու ավելի էին մեծացնում հեռավորությունը իր ու Լիդիայի միջև։ Նրա թաց մազերից ու զգեստից թափվող ջրի կաթիլները հոսում էին դողացող մարմնի գունատ մաշկի վրայով։ Սրընթաց մետաղյա հրեշն ինքը, կարծես վախենալով իրեն հեծնած տիրոջ անգիտակից ցանկություններից, անարգել մտնում էր բնակելի տարածք։ Հանկարծ հեռվում Մարկը ճանաչեց իրենց տունը։ Ժամանակն էր կանգ առնել, բայց ոտնաթաթը չէր թուլանում։ Մի քանի ակընթարթ, ու նա ահռելի արագության տակ կբախվեր սեփական տան երբեմնի ջերմ պա…»

- Ի՞նչ ես անում, վե՛րջ տուր։

Երիտասարդը մի կողմ քաշեց Քալեբի ձեռքերն` ուժի գործադրմամբ սևեռելով նրա ուշադրությունը։

- Դու այսպես չէիր որոշել, ի՞նչ պատահեց, որտե՞ղ է Կլառան։

- Դու չես հասկանում։ Ես այլ կերպ չեմ կարող։

- Ո՛չ, բացատրի՛ր ինձ։ Ես քեզ չեմ թողի այսպես վարվել նրա հետ։ Քո՛ հետ։

Քալեբը պտտվեց ու շարունակեց գրել։

« …տերին, որոնց հետ այդքան հիշողություններ էին կապված։ Հանկարծ նա խորը հոգոց հանեց։ Նրա հայացքում ցոլացին զղջման ու տխրության կենդանի զգացումները։ Նա անմիջապես սեղմեց արգելակն ու շրջեց ղեկը։ Ահռելի արագության տակ սլացող ամենագնացը թեքվեց կողքի ու, մի քանի պտույտ տալով օդում, վայրէջք կատարեց տնից տասնյակ մետրեր հեռու։ Անմարդ փողոցի թարթող լուսամփոների տակ մետաղի ու ապակիների թաց ասֆալտին ճզմվելու ձայները հաջորդեցին միմյանց։ Անձրևի հաստ կաթիլները պոկվում էին անտարբեր երկնքի մոխրամուգ խորության միջից ու, սլանալով ներքև, մի պահ կանգ էին առնում ժամանակի դանդաղած ընթացքում` ականատեսը լինելու ապակե ցավի ու հուսահատվածության մանր փշրանքների ճախրանքին, որոնց նիստերից ներս արտացոլվում էին Մարկի հոգեկան աշխարհում տիրող քաոսը։ Սլանալով ցած՝ կաթիլները բախվում էին գետնին` ինչպես Մարկի մետաղյա պատյանն էր բախվում ասֆալտին՝ պլաստմասի նման ճկելով ու ճզմելով երբեմնի կայուն աշխարհը։ Ընդամենը վայրկյաններ անց այն արդեն թափոն էր։ Ամրագոտուց կախված Մարկի մարմնից արյան ցողը կաթում էր թաց ասֆալտին` միախառնվելով նրա խոնավ ու սառը հայացքին։ Նա ուզում էր, որ դա վերջը լիներ։ »

- Լսի՛ր, դու ունես ամեն ինչ ու դեռ ավելին ես ունենալու, դու պարտավոր չես այսպես վարվել քեզ հետ։ Դու արժանի ես ավելիին։

Քալեբի հայացքը դանդաղ բարձրացավ, ասես՝ թղթի մեջ հոսող անձրևի կաթիլները թրջել էին նաև իրեն ու ծանրացրել ուժասպառ գլուխը։

- Ես արեցի դա, ես ինքս։ Առաջին անգամ այն ուղղակի եկավ։

- Սա առաջինը չէ, Քալե՛բ, դու միշտ ես այդպես արել, ինձ թվում էր, թե դու փոխվել ես, ազատվել քո մեջ ապրող այդ կործանարար ուժից։ Ա՜խ, Քալե՛բ։

Երիտասարդը հուսահատված նստեց բազմոցին։ Քալեբը շրջվեց ու հատ-հատ սկսեց կտացնել գրամեքենայի ստեղները։

«Նա դուրս գցեց իրեն մեքենայից ու սկսեց քաշ թալ թմրած մարմինը դեպի տունը։ Ամպրոպը վայրկյանում լուսավորում էր խավարում անիծված այդ գիշերը… »

- Եվ ի՞նչ ես արել նրա հետ։

- Ի՞նչ։

- Դե վե՛րջ տուր, ես համոզված եմ, որ դու արդեն գիտես։

«Խոհանոցի խավար վառվող լույսը ակամա ընկերակցում էր Մարկին և վիսկիի շշին։

- Նա սիրում էր խմել, հա´, երևի ավելի շատ, քան ինձ, քան մեզ, ի՞նչ էիր սպասում, Մա՛րկ, ախր դու ընտրեցիր քաղաքի ամենախելառ, ամենաանհոգ ու ամենա…

Բառերի փոխարեն արցունքներն էին հոսում Մարկի լարված դիմագծերի տանջված կորերի միջով։ Նա դաստակով մաքրեց դրանցից մի քանիսը ու վիսկիի բաժակը մոտեցրեց բերանին։

- Հաա՜, նա իսկական խելառ էր, ապրում էր ներկայում, պահի տակ, դրա համար էլ նրան ընտրեցիր, քեզ պետք էր նրա կրակը, իսկ նրան պետք էր փարոս։ Քեզ պետք էին խնդիրներ, որ դու լուծես նրան։ Նա տեղով խնդիր էր, ու դու դա գիտեիր։ Դու գիտե՛իր դա։

Բաժակն արդեն դատարկ էր։ Նա չզգաց ՝ինչպես դատարկեց երկրորդն ու երրորդը։

- Աստվա՛ծ իմ, մի՞թե մեղադրելու եմ ինձ։

Նա արդեն չէր էլ ջանում մաքրել անձրևի թողած խոնավությանը միաձուլվող արցունքները։»

- Գրո՛ղը քեզ տանի, Քալե՛բ, ես քեզ չեմ հասկանա երբեք։ Կլառան հրաշալի աղջիկ էր, նա քեզ համար պատրաստ էր ամեն ինչի։

- Գիտեմ ես … նա իմ աշխարհն էր, բայց նա պիտի գնար։

- Դեռ ամենինչ կորած չէ, նա քեզ կընդունի։ Նա կհասկանա, ինչպես միշտ է արել,- երիտասարդը չոքեց Քալեբի մոտ,- խնդրում եմ, եղբա´յր, արի գնանք, ես կտանեմ քեզ նրա մոտ, խնդրում եմ, հիշի՛ր ամենը…

Սրտի այրոցը ուժեղանում էր։ Քալեբը վեր թռավ տեղից, դուրս պրծնելով եղբոր գրկից, ու հետ քաշվեց.

- Չէ´, չէ´, նա պիտի գնար, նա պիտի գնար։

- Դու հիվանդ ես, Քալե՛բ։ Դու կործանում ես ձեր ապագան և ինչի՞ համար։

- Ես այլ կերպ չեմ կարող:

Քալեբը նստեց գրամեքենայի առջև և, ուշադրություն չդարձնելով եղբորը, շարունակեց։ Շուտով նա արդեն մենակ էր։

« - Եվ ինչու՞ էիր հագել իմ սիրած զգեստը, գրո´ղը քեզ տանի։

Մարկը նետեց վիսկիի բաժակը պատին ու գլուխն առավ ձեռքերը։

- Ես էլ քարից չեմ, ես քեզ այնքան էի սիրում, ես քեզ գժի պես սիրում էի, հա´, հաա´… դրա համար չէի կարողանում ներել քեզ։ Չէի կարող քո դեմքին անգամ նայել, քո ձայնը լսել, քեզ դիպչել։ Ինչու՞ միայն ես տեսա քեզ նրա տնից դուրս գալիս, ինչու՞, երանի՜ չիմանայի, երանի՜…

Նա այլևս չէր կարողանում ներսում պահել միահյուսված զգացմունքների պայթել պատրաստվող խառնուրդը։ Նա կատաղի գոռաց ու սկսեց հարվածել պատին մինչև բռունցքների արունոտվելը։ Մի՞թե չէր կարող գեթ մի վայրկյան փոխարինել հոգեկան ցավը ֆիզիկականով։ Գեթ մի պահ, որ հանգստանար։

Նա ընկավ գետնին ու նայեց սեփական ձեռքերին։

- Ինչու՞ այդպես վարվեցիր ինձ հետ։»

Քալեբի ձեռքերը հոգնել էին։ Արդեն մթնել էր։ Նա վեր կացավ, որ ջուր խմի և տեղը բերի քարացած մատները։ Սառը ջրի շիթը խաթարում էր տան մոխրականաչ լռությունը։ Նրա մատները շիկացած մետաղի նման զովանում էին ջրի մեղմ հոսքի տակ։ Սառը հեղուկի մի մասն անցավ նրա կերակրափողով` շոշափելով այրվող սրտի բութ բաբախները։ Հայելու մեջ նրան սպասում էր սեփական դատը։ Այժմ ինքն էր իր իսկ դեմքով անձայն մեղադրում իրեն։ Պատմությունը շարունակվում էր անգամ առանց ստեղների։

« - Ես գիտեի, որ քեզ ցավում է, գիտեի, որ զղջում ես, որ պատժում ես ինքդ քեզ հազար անգամ ավելի ցավագին, քան ես կարող եմ, բայց մեկ է, ես չէի ընկրկում, ես չէի կանգնեցնում քեզ, ուզում էի, որ ցավա՜, որ տանջվե´ս այնպես, ինչպես ես էի կոտրվում։ Բայց ես գիտեի, որ դու սպանում ես քեզ ամեն վայրկյան, ամեն պահ, որ շնչում էիր, կենդանի դժոխք էր քեզ համար, ու ես դա զգում էի, զգում էի փակ դռների ետևից, զգում էի մերժման ետևից, ասելության ու չարացման։ Ես զգում էի…

Երեք օր, քո սիրտը դիմացավ երեք օր, որոնցից ամեն հաջորդն ավելի անտանելի էր, քան նախորդը։ Ու ես դա գիտեի, գիտեի, որ իմ սիրելին տանջվում է, ու գերադասեցի սեփական ցավը։ Ու քո սիրտը չդիմացավ։

Մարկը ձեռքը վերցրեց հեռախոսն ու միացրեց վերջին ձայնային հաղորդագրությունը.

- Մա՛րկ, սիրելի՛ս, խնդրու՛մ եմ, ես չեմ կարող առանց քեզ, դու գիտե՛ս դա… Մա… Մա՛րկ… թո՛ղ ինձ ներ…

Անձրևի ու ամպրոպի խշշոցը լսվում էր հաղորդագրության ֆոնում։

- Իսկ ես դեռ պատրաստ չէի կամ չէի ուզում թողնել բարկության հրեղեն զգացումն ու ներս թողնել քեզ։ Ու ես դուռը բաց չարի։ Ու դու գնացիր, որ ժամանակ տաս ինձ, բայց քո սիրտը չդիմացավ իմ անտարբերությանն ու մերժմանը։

Շտապ օգնության ձայների ալիքներն ու կապտակարմիր լույսերի թարթող ճառագայթները արտացոլվում էին երկրային պատկերները երևակող անձրևի կաթիլների մեջ։ Դեռևս ամբողջական մետաղյա հրեշը սլանում էր հիվանդանոց իր խելագար հեծյալի առաջնորդությամբ։ Սպիտակ ու լուսավոր հատակը թրջվում էր արագ հպվող կոշիկներից ընկնող կեղտաջրի նետվածքներից։ Դռներն անկանոն բացվում էին։ Լիդիայի անշունչ մարմինն անձայն ժպտում էր սիրելիի ուշացած ներկայությունից։ Կարմիր թրջված զգեստը վերադառնում էր իրեն այդքան հպված հարազատ գիրկը։

– Քո սիրտը չդիմացավ։ Ես ցավեցրի քեզ ու դու չդիմացար սիրելիս…»

Քալեբը խորը արտաշնչեց։ Սրտում մոլեգնող կրակը հաճույքի հոգոց հանեց` վերջապես բավարարվելով սեփական սնունդով։ Նա զգում էր, նա կենդանի էր։ Նրա աչքերը փայլում էին տիեզերական ցավի փայլով։

- Նա պիտի գնար։

- Քալե՛բ, դու ոչ ոքի չես թողում ներսում։ Ես և դու, Քալե՛բ, մենք կմսխենք այս մարմինը։

Ձայներն ու դիմակները ներխուժում էին տարբեր կողմերից։

- Դու գիտեիր վերջը, Քալե՛բ, ես հպարտանում եմ քեզանով, դու թողեցիր, որ Կլառան այդքան մոտենա քեզ և, ամենակարևորը, դու՛ այդքան մոտեցար նրան, որ ուղղակի պոկես– քցես մի կողմ, որովհետև դա քեզ պետք է, ցավն ու բաժանումը սնում են քեզ, ստիպում քո սրտին զարկել, քեզ կենդանի զգալ։ Նա պետք է գնար, Քալե՛բ։

Գիտակցության հորձանուտներում մոլորված` գրողը պարկած էր սառը փայտի հատակի վրա` բերանը բաց` խորը ներքաշելով հանկարծ այդքան քաղցր դառած օդը, նրա սիրտը վայելում էր բավարարվածության հաճելի այրոցն ու ցավը։ Նա հանել էր բոլորին։ Նա միայնակ էր իր ներքին խավարի հետ, ով կրծում էր Քալեբի հոգու ամենացավոտ պատառները։ Նա միայնակ էր։ Արցունքները հոսում էին նրա աչքերի կողքով։ Մոլեգին հայացքը դեպի առաստաղը` նա կրկնում էր.

- Ես զգու՛մ եմ, ես զգու՛մ եմ…