ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
ԵՎ
ՄՇԱԿՈՒՅԹ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Ղեկավար՝ Գ․ Մկրտչյան
Ղեկավար՝ Գ․ Մկրտչյան
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԶԱՐԴՆ ԵՍ, ԹԱԳՆ ԵՍ, ԻՄ ԳՈՐԻՍ,
ՈՎ ԳՈՐԻՍԸ ՉԻ ՏԵՍԵԼ, ՉԻ ՏԵՍԵԼ ԱՇԽԱՐՀ․․․❤️💙🧡
Եկեղեցիների երեք լռությունը
Գորիսում կան տարբեր եկեղեցիներ՝ մեծ ու փոքր, նորաշեն ու հնացած։
Բայց ժողովուրդն ասում է՝ իրականում երեք լռություն է պահվում Գորիսի եկեղեցիներում։
Առաջին լռությունը Սուրբ Հռիփսիմեում է։ Ասում են՝ այս եկեղեցին կառուցել են մի գիշերում՝ լռությամբ։ Քարը քարին է դրվել առանց ձայնի, և օրեր հետո առաջին անգամ միայն մի կին է աղոթել այնտեղ՝ թաքուն, մոմը ձեռքին, սրտում՝ մերժված սեր։ Եկեղեցին այդ օրվանից լուռ է մնացել՝ պահելով բոլոր չասված սիրո խոսքերը։ Ասում են՝ այնտեղ մտնող մարդը սրտի թեթևություն է զգում․ կարծես մի ուրիշ սիրտ նրան հասկացել է։
Երկրորդ լռությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչում է։ Այնտեղ լռությունը խորն է, ծանր, ինչպես նախնիների շնչառությունը։ Ասում են՝ երբ ներս ես մտնում, անգամ մոմի ճախրանքը ձայն ունի։ Իսկ երբ ծնկում ես, զգում ես, որ ոչ թե աղոթք ես ասում, այլ ինչ-որ մեկը քո փոխարեն վաղուց արդեն ասել է այդ խոսքերը։ Դա հայրական լռություն է՝ հանգստացնող, հաստատուն։
Երրորդ լռությունը Գորիսի դեռ չկառուցված, չկառուցվելիք եկեղեցում է։ Այո, ժողովուրդը հավատում է, որ Գորիսում մի եկեղեցի դեռ չկառուցված է, բայց արդեն կա։ Այն գտնվում է մարդկանց մտքում, ցանկության մեջ, կարիքի մեջ։
Երբ քաղաքը ունենա բավական աղոթք՝ այդ եկեղեցին ինքն իրեն կկառուցվի։ Լռությունը, որ այնտեղ կլինի, կլինի ապագայի լռություն, որտեղ մարդիկ կմտնեն ոչ թե խոնարհվելու, այլ շնչելու ու լռությամբ խոսելու։
Եվ ասում են՝ երբ երեք լռությունները հանդիպեն, երբ Հռիփսիմեի սերը, Գրիգորի հավատքը և ապագայի սպասումը միավորվեն՝ Գորիսը կսկսի նորից երգել։ Բայց ոչ բարձր ձայնով, այլ նույն այն մեղմ ձայնով, որով զանգերն են խոսում հողին հասնողների հետ։
Գորիսի՛ն
Իմ հայրենի, օրրան
Հրաշք զանգեզուրյան,
Սարերդ սեգ, լեռներդ վեհ,
Հավերժ քեզ պահապան։
Լաստի փեշին թիկնած դրախտ,
Սյունյաց երկրի գեղեցկուհի։
Այս աշխարհում ոչ մի քաղաք
Քո հմայիչ տեսքը չունի։
Եվ իմացիր, եթե հանկարծ
Քո երկինքը ամպի մի քիչ
Առաջինը ես կդառնամ
Քո վառվռուն կյանքին փրկիչ։
Կառլեն Հարությունյան
ք․ Գորիս
Բանաստեղծությունը երգի վերածեց ԱԲ-ն։
Մարիամ Հայրյան - Ա․ Բակունցի անվան 1 ավագ դպրոց
Անի Վանյան - Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Վահան Մուսայելյան - Գորիսի Հին և Նոր Զանգեր
Միլենա Ղուկասյան - Ակսել Բակունցի տուն-թանգարան
Մանե Խաչատրյան- Ա. Բակունցի հուշարձանը Գորիսում
Գրիգորի Փարսյան- Ֆիդայիների հուշարձանախումբը Գորիսում
Տաթևիկ Սարգսյան- Յոթ աղբյուր հուշարձանը Գորիսում
Ամալյա Աղաջանյան- Նժդեհ․ Նժդեհի հուշարձանը Գորիսում
Մարիետա Գևորգյան- Անդրանիկ․ Անդրանիկի հուշարձանը Գորիսում
Հայցում ենք ձեր ներողամտությունը․ Անդրանիկի արձանի քանդակագործը Արշակ Պետրոսյանն է։
Գոհար Գևորգյան- Կարմիր արձան՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձան
Էլեն Գալստյան - Լենինականի արձան՝ Երկրաշարժի զոհերի հուշարձան
Սոնա Միրաքյան - Գուսան Աշոտ․ Գուսան Աշոտի հուշարձանը Գորիսում
Էլեն Հայրապետյան- Գրիգոր Տաթևացու հուշարձանը Գորիսում
Մարի Միրաքյան- Սերո Խանզադյան, տուն-թանգարանը և հուշարձանը Գորիսում
Մարիամ Կարապետյան-Կրաքարե բուրգեր, Գորիսի ժայռեր
Սուսաննա Քյարունց - Սուրբ Հռիփսիմե, Գորիս գյուղի ուխտատեղի
Վահան, Մարիամ, Անի - Զանգեզուրում խորհրդային իշխանության հաստատման համար զոհված զանգեզուրցիների հիշատակի
հուշարձան
Սառա Օհանյան- Լաստի խութ (բնական հուշարձան)
ՀԱՆԴԻՊՈՒՄ - ՀԱՐՑԱԶՐՈՒՑՆԵՐ
ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ՝ ՍԵՎԱԴԱ ԶԱՔԱՐՅԱՆ
«ՍՅՈՒՆՅԱՑ ԵՐԿԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ԽՄԲԱԳԻՐ-ՏԱՐԵԳԻՐ՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԳՈՐԻՍԻ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ, ՊԱՏՄԱԲԱՆ՝ ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀԱՐՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾ ԲԱԶՈՒՄ ԳՈՐԻՍԵՑԻՆԵՐ
ԻՄ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ
Մարիամ Հայրյան
Իմ ծննդավայրը, իմ մեծ հպարտության փոքրիկ անկյունը, իմ սրտում մեծ տեղ գտած, իմ երակներով արյանս զուգընթաց հոսող իրական հեքիաթը Գորիսն է։ Քաղաք, որը ապրում ու ապրեցնում է, որի ամեն մի շունչը լցված է ջերմությամբ ու հյուրընկալությամբ։ Կյանքն այստեղ սկսվել է հնագույն քարանձավներում և ապա դուրս եկել երկնամուխ ժայռերի ծերպերից ու տարածվել լեռների գրկում փռված ձորի մեջ։ Հպարտությամբ եմ կրում կոչումս, և միշտ երբ լսում եմ «Որտեղի՞ց ես» հարցը` գլուխս բարձր, մեծ սիրով ու հպարտությամբ ասում եմ` «ԳՈՐԻՍԵՑԻ ԵՄ»։
-Բա մեր Կյուրուսի քաղցր լեզուն, վեր մեղրից էլ քաղցր ա, վեշմի լեզվի կամ բարբառի հետ կյանքում չեմ փոխի ու հունց մեր մեծ գրող Ակսել Բակունցն ա ասում` «Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում։ Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր,− Մինան լաց էր լինում և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն...»...
Գորիսը` պատմության մեջ հայտնի կարմիր կտուրների քաղաքը, Ա․ Բակունցի, Գուսան Աշոտի ու Ս․ Խազադյանի Կյորեսը, լի է չքնաղագեղ վայրերով, արկածային, հետաքրքիր և դեռ ամբողջությամբ չբացահայտված բազում վայրերով ու պատմություններով։
Գորիսի չքնաղագեղ վայրերից է «քարե անտառը», որը բնական տեսարժան վայր է՝ հեքիաթային տեսարանով և հրաբխային ծագումով: Այս վայրը ժայռերի և քարերի մի միասնություն է, որը օգտագործվել է Գորիսի բնակիչների կողմից որպես կացարան։ Ըստ տարբեր աղբյուրների՝ քարանձավների ու քարայր-կացարանների թիվը Գորիսում և նրա շրջակայքում մոտ 10 հազար է։ Եղել են քարանձավներ, որոնք միայն պաշտպանական նշանակություն ունեին: Եղել են նաև բազմահարկ քարանձավ-տներ, որոնք միացված էին ներքին միջանցքներով: Եղել են նաև այնպիսինները, որոնց կարող էիր հասնել միայն պարանների միջոցով։
Ծերերը պատմում են, որ երբեմն գիշերները քարանձավներում կարելի է տեսնել լույսեր, որոնք, ըստ նրանց, անցյալի հոգիների նշաններն են։ Եվ իզուր չէ, որ ասում են, այնպիսին, ինչպիսին են սուր, ամուր և անկոտրելի ժայռերը, այնպիսին են նաև Գորիսի բնակիչները: Կարծում եմ՝ Գորիսը նշանակալից դեր ունի նույնիսկ ամբողջ հայրենիքի համար։Եվ դրանում իր հատկանշական դերն ունի գորիսեցին։
Պապս մի հետաքրքիր և անիրական թվացող պատմություն է պատմում իր կյանքից և վստահ եմ, որ այն ձեզ նույնպես կհետաքրքրի։ Նա ծնվել և մեծացել է Գորիսում ու ժպիտով է հիշում հարազատ քաղաքի հետ կապված ամեն մի պատմության ու վայրի մասին։ 1978 թվականին՝ 25 տարեկան հասակում, նա մի երազ է տեսնում, որի բովանդակությունը հետևյալն էր։ Նա մեքենա էր վարում և հանկարծ ճանապարհին` ԱՏԿ կոչվող տարածքում, մեքենան գլխիվայր շրջվում է։ Հանկարծ նրան է մոտենում մի վանական` սև հագուստով և հոգևորականներին հատուկ երկար մորուքով, ծունկը դնում է պապիս կոկորդին և մի սարսափելի ու անհավանական թվացող հանձնարարություն տալիս։ Նա պապիս ասես հեռուստատեսությամբ ցույց է տվել մի տարածք` ասելով հետևյալ խոսքերը` «Դու պետք է գնաս այս տարածքը, վերականգնես քանդված խաչը, այնուհետև պարտքդ կատարելուց հետո մեծ հարստություն կպարգևեմ քեզ, սակայն եթե որևէ մեկին պատմես այս մասին կզրկվես խոստացված հարստությունից, և ես կսպանեմ քեզ»։ Պապս առաջին օրը կարևորություն չտվեց այդ երազին, սակայն վանականը երկու օր ևս հայտնվում է նրա երազին՝ հարցնելով, թե ինչու նա չի կատարում իրեն տրված հանձնարարությունը։ Արդեն երրորդ անգամ երազում տեսնելով վանականին՝ պապս հասկանում է, որ որքան էլ փորձի կարևորություն չտալ, սա կատակ չէ, և որոշում է կատարել իրեն տրված հանձնարարությունը։ Նա մոտ մեկ ժամ դժվարին փնտրտուքներից հետո վերջապես գտնում է այդ տարածքը, որը ճիշտ և ճիշտ երազում տեսած տարածքն էր։ Սակայն նա ձեռնամուխ չի լինում խաչի վերականգնման գործին, քանի որ ահռելի ջանք ու ժամանակ էր պահանջվում դրա համար, որովհետև խաչը գրեթե փշուր-փշուր էր եղել։ Այնուհետև նա վերադառնալով տուն՝ մեկ շաբաթ անց երազը պատմում է իր հորն ու մորը։ Հայրը խորհուրդ է տալիս անպայման վերականգնել խաչը, սակայն պապս չուներ բավականաչափ հնարավորություն, այդ իսկ պատճառով մայրը իրեն խորհուրդ է տալիս վերցնել մի մատաղացու աքլոր, տանել ու մորթել խաչի մոտ և զոհ մատուցելով ազատվել պարտավորվածությունից։ Պապս հենց այդպես էլ անում է։ Այդ օրվանից հետո այլևս վանականը նրան երազում այցի չի գալիս։ Մոտ երկու ամիս անց պապս այցելում է իր ավագ քրոջը, որը բնակվում էր Երևանում։ Նա քրոջը ևս պատմում է տեսած երազը, և քույրը խորհուրդ է տալիս գնալ բախտագուշակի մոտ։ Պապս համաձայնում է։ Քրոջ ու նրա ամուսնու հետ գնում են բախտագուշակի մոտ, որը բնակվում էր Հոկտեմբերյանի գյուղերից մեկում։ Պապս, միայնակ մտնելով բախտագուշակի սենյակ, առանց որևիցե բան պատմելու, ասում է բախտագուշակին` «Երազումս ինձ մի վանական էր այցելել և հանձնարարություն տվել, սակայն այժմ ես այլևս նրան երազում չեմ հանդիպում, որպեսզի կատարեմ հանձնարարությունը, կարո՞ղ եք ասել՝ ինչո՞ւ»։ Քիչ հետո բախտագուշակը պապիս պատասխանում է այսպես` «Վանականը քեզ հանձնարարել էր ոչ ոքի չպատմել երազիդ մասին, սակայն դու չլսեցիր նրան և այժմ զրկվեցիր քեզ տրված հարստությունից»։
Տարիներ են անցնում․․․․
Կարծում եմ՝ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ վայր է...
2018 թվականին, հայրս պատահաբար իր ընկերոջ հետ գտնում է այդ տարածքը, սակայն այդ պատմությունը չգիտեր․ չէր էլ փնտրում այդ վայրը։ Նա և իր ընկերը հաճախակի այցելում էին այդ տարածք և մոմ էին վառում։ Հայրս պատկերացում անգամ չուներ։ Եվ նա հենց այսօր՝ իմ ու պապիս զրույցի ընթացքում, բացահայտեց...
Հաճախակի այցելությունների ընթացքում նրանց աչքից չէր վրիպել փշրված խաչը և ամեն անգամ տեսնել այդպես, նրանց հաճելի չէր։ Հորս ընկերը քանդակագործ էր և մի օր նրանք որոշում են քանդված խաչի փոխարեն նոր խաչքար տեղադրել և հենց այդպես էլ անում են։ Բացի խաչքարից նրանք տեղադրում են նաև սեղան ու աթոռ և համարելով այդ վայրը սրբատեղի՝ նրանք երկուսով հաճախ այցելում էին այնտեղ, մոմ վառում։
Դեռ պապիս հետ կատարված դեպքի ժամանակաշրջանից, բացի կոտրված խաչից, այդ տարծքում եղել է և մինչ օրս էլ կա կիսաքանդ եկեղեցի, որը տարիներ շարունակ չի օգտագործվել և այժմ նրա ներսում աճել է մի մեծ ու փարթամ ծառ։ Սեղանն ու աթոռը հայրս և իր ընկերը պատրաստել են այդ քանդված եկեղեցու պատի քարերի և խաչքարերի կոտրված մասունքներով։ Այդ տարածքը, նրանց տեղադրած սեղանը, աթոռը, խաչքարը գտնվում են Թոզկապ կոչվող տարածքի նոր գերեզմանատան մոտ։
Ահա այսպիսի մի հետաքրքիր և առեղծվածային, անիրական թվացող պատմություն, որում պատահականության սկզբունքով, թե ճակատագրի բերմամբ միևնույն տարածքի հետ առնչվում են հայրն ու որդին, բախվում են անցյալն ու ներկան, այսպիսի մի պատմություն, որն իր սրտում գաղտնի կրում է իմ Գորիսը։ Կարծում եմ, եթե փորձենք փնտրել շատ ու շատ այսպիսի հետաքրքիր պատմություններ կգտնենք, որոնք ծնվել են Գորիսում։ Աշխարհում դեռ շատ ու շատ չբացահայտված հետաքրքրություններ կան, որոնք պարզապես բացահայտել է պետք...
Գորիսը վայր է, որտեղ անցյալն ու ներկան միահյուսվում են՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ։ Սիրում եմ Գորիսը իր բոլոր գույներով, երգերով ու վերքերով և դե, իհարկե, իր հեքիաթային պատմություններով։ Սիրում եմ Գորիսի ամեն մի մանրուք ու հյուրասեր ժողովրդին, որոնցից յուրաքանչյուրը Գորիսի մի մասնիկն է, Գորիսեցին է։
ԳՈՐԻՍՆ ԱՊՐԵԼՈՎ՝ ԱՊՐԵՑՆՈՒՄ Է ԻՆՁ…
Գոհար Գևորգյան
Գորիսը հայտնի է իր հիասքանչ բնությամբ, քարանձավներով, հին փողոցներով ու մշակութային ժառանգությամբ։ Բայց այս քաղաքը նաև ունի առեղծվածներ, որոնք դեռևս ամբողջությամբ չեն բացահայտվել։ Գորիսում կա մի տուն,որի մասին շատերը չգիտեն, բայց նրա շուրջը շատ պատմություններ կան հյուսված։ Այս տան մի սենյակում, որը հայտնի է որպես «Վարանդայի սենյակ», մարդիկ ասում են, որ գիշերները լսվում են անսովոր ձայներ։ Ոմանք պնդում են, որ այդ սենյակում ապրել է մի հին խոզանակագործ, որը իր ողջ կյանքում մենակ է եղել, և նրա հոգին շարունակում է մնալ այդտեղ, և թվում է՝ դեռ աշխատում է։
Ասում են, որ Գորիսում ժամանակին գոյություն են ունեցել գաղտնի թունելներ, որոնք օգտագործվել են պատերազմի ժամանակ մարդկանց փրկելու կամ թշնամուց պաշտպանվելու համար։
Գորիսում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ոչ միայն ճարտարապետական գլուխգործոց է, այլև ունի իր առեղծվածները։ Տեղի բնակիչները պատմում են, որ եկեղեցու որոշ քարերի վրա կարելի է տեսնել խորհրդավոր խորհրդանիշներ, որոնք ենթադրաբար կապ ունեն հին ժամանակների հավատալիքների հետ։
Գորիսի հին թաղամասերից մեկում կա մի փոքրիկ բակ, որը տեղացիներն անվանում են «լռության բակ»։ Ասում են՝ գիշերային ժամերին այնտեղ տարօրինակ լռություն է տիրում, ոչ մի ձայն չի լսվում, նույնիսկ քամին չի շնչում։ Ոմանք պնդում են, որ այդ վայրը կապված է հինավուրց պատմությունների հետ, իսկ մյուսները կարծում են, որ դա ընդամենը պատահականություն է։
Գորիսը գաղտնիքներով ու առեղծվածներով լի քաղաք է։ Այս պատմությունները դարձնում են այն ոչ միայն գեղեցիկ, այլև խորհրդավոր ու գրավիչ։ Գորիսի հին փողոցներից մեկում՝ հին տան բակում, կանգնած է մի փոքրիկ արձան, որի մասին քիչ մարդ գիտի։ Տեղի բնակիչները պատմում են, որ այն ստեղծվել է 19-րդ դարում մի անհայտ վարպետի կողմից։ Ասում են, որ արձանը ժամանակին տեղադրված է եղել քաղաքի կենտրոնում, սակայն անհասկանալի պատճառներով այն հանվել է ու տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Միայն տարիներ անց այն կրկին հայտնաբերվել է, բայց արդեն կիսավեր վիճակում։ Շատերը հավատում են, որ այդ արձանն ունի գաղտնի նշանակություն, և մինչ օրս ոչ ոք չի կարողանում բացահայտել դրա իսկական պատմությունը։
Գորիսի հին գերեզմանոցներից մեկում կանգնած է մի հսկայական ծառ, որը համարվում է քաղաքի ամենահին ծառը։ Տեղացիները ասում են, որ այս ծառը դարեր է տեսել, և նրա մոտ կատարված շատ իրադարձություններ մնում են չբացահայտված։ Պատմում են, որ եթե ուշ գիշերով կանգնես ծառի մոտ, կարող ես լսել աներևույթ ձայներ, կարծես այն պատմում է անցյալի գաղտնիքները։
Բազում են քաղաքիս չբացահայտված պատմությունները, որոնք սպասում են իրենց բացահայտողներին։
Տաթևիկ Սարգսյան
Ամեն մի քաղաք ունի իր սեփական հոգին, գեղեցկությունը և առանձնահատկությունները: Նույնիսկ յուրաքանչյուր փոքրիկ անկյուն տարբերվում է իր գեղեցիկ փողոցներով և շենքերով, և երբ մենք նայում ենք տարբեր քաղաքների, անմիջապես պարզ է դառնում, որ ամեն մի բնակավայր իր յուրօրինակությունն ունի։ Եվ հենց այս ամենն էլ մարմնավորում է քաղաքի ճարտարապետական նկարագիրը, բնակչության նախասիրությունները և տարածաշրջանի բնութագիրը։
Իմ ծննդավայրը Գորիսն է, և այն նույնպես ունի յուրահատուկ անկյուններ, որոնց մասին գիտեն միայն տեղացիները, և տեսարժան վայրեր, որոնք գրավում են այցելուներին։ Գորիսը լի է հնագույն հուշարձաններով և դիտարժան տեսարաններով, որոնց մասին արժե պատմել:
Այդպիսի գեղեցիկ վայրերից է Գորիսի «քարե անտառը», որը բնական տեսարժան վայր է՝ հեքիաթային տեսարանով և հրաբխային ծագումով: Այս վայրը ժայռերի և քարերի մի միասնություն է, որը օգտագործվել է Գորիսի բնակիչների կողմից որպես տուն։ Եվ իզուր չէ, որ ասում են, որ «տունը սեփականատիրոջ արտացոլանքն է», քանի որ այնպիսին, ինչպիսին են սուր, ամուր և անկոտրելի ժայռերը, այնպիսին են նաև Գորիսի բնակիչները:
Աչքի է ընկնում նաև քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչի եկեղեցին, որը Գորիսի գեղեցիկ կառույցներից մեկն է և մշակութային մեծ արժեք ունի գորիսեցիների համար: Եկեղեցու բակում կան խաչքարեր ու տապանաքարեր, որոնք ունեն իրենց հատուկ նշանակությունը։ Այն համարվում է Գորիսի ճարտարապետության գոհարներից մեկը:
Այս և մի շարք այլ տեսարժան վայրեր պահպանում են սերունդների հիշողությունները, իսկ հնագույն տեսարժան վայրերը մեզ հիշեցնում են մեր քաղաքի հարուստ անցյալի մասին:
Ես շատ ուրախ եմ, որ իմ ծննդավայրի ամեն մի անկյուն լի է գեղեցկությամբ, իր պատմությունը ունի և ներկայացնում է մեզ:
Գրիգորի Փարսյան
Վանքի տափը Գորիս քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող թաղամաս է, որը հայտնի է իր պատմամշակութային ժառանգությամբ։ Այստեղ պահպանվել են միջնադարյան եկեղեցու ավերակներ, որոնցից միայն պատի հատվածն է մնացել։
Վերջին տարիներին Վանքի տափում իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են շուրջ քսան գտածոներ։ Բացի այդ՝ բնակիչների համատեղ ջանքերով թաղամասում բարեկարգվել է խաղահրապարակը։
Նշանակալի է նաև Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, որը գտնվում է այս թաղամասում և կարևոր դեր ունի կրթական ոլորտում։
Այսպիսով՝ Վանքի տափը Գորիսի կարևոր թաղամասերից է՝ իր պատմական, մշակութային և կրթական նշանակությամբ։
Սառա Օհանյան
Գորիսը հայտնի է քարանձավ-բնակատեղիներով, որոնք քրատակեր են կոչվել։ 19-րդ դարից Գորիսում սկսեցին կառուցել քարե տներ, և քրատակերը սկսեցին ծառայել որպես լրացուցիչ կացարան: Ասում են՝ Հին Գորիսի բնակիչներից շատերը միայն 1940-ականներից հետո են քարանձավներից իջել և գյուղում տեղավորվել։
Ըստ տարբեր աղբյուրների՝ քարանձավների ու քարայր-կացարանների թիվը Գորիսում և նրա շրջակայքում մոտ տասը հազար է։ Եղել են քարանձավներ, որոնք պաշտպանական նշանակություն ունեին և հնարավոր էր բարձրանալ միայն պարանների օգնությամբ: Եղել են նաև բազմահարկ քարանձավ-տներ, որոնք միացված էին ներքին միջանցքներով: Ժամանակի ընթացքում քարանձավները լայնացվել և ավելի հարմարավետ են դարձել:
Խոտ գյուղի տարածքում պահպանվել են հին բնակավայրերի հետքեր, ինչպիսիք են ավերված եկեղեցիներն ու քարե խաչքարերը։ Գյուղը լքվել է, բայց նրա պատմությունը դեռևս պահպանվում է լեգենդների մեջ։ Խոտ գյուղի եկեղեցին գտնվում է Սյունիքի մարզում, Գորիսից մոտ տասը կիլոմետր հեռավորության վրա: Եկեղեցին համարվում է միջնադարյան կառույց, բայց նրա կառուցման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Այն հավանաբար կառուցվել է 17-18-րդ դարերում և եղել է Խոտ գյուղի հոգևոր կենտրոնը։ Եկեղեցին կառուցված է տեղական քարից, ունի ուղղանկյուն հատակագիծ և կենտրոնագմբեթ է։ Ժամանակի ընթացքում այն մասամբ ավերվել է, բայց դեռևս կանգուն է։ Շուրջը կարելի է գտնել հին խաչքարեր և գերեզմանաքարեր։
Միլենա Ղուկասյան
Իմ ծննդավայրը ունի հինավուրց պատմություն,որի շատ էջեր առեղծվածային են ու շատ հետաքրքիր։ Կյանքն այստեղ սկսվել է հնագույն քարանձավներում և ապա դուրս եկել երկնամուխ ժայռերի ծերպերից ու տարածվել լեռների գրկում փռված ձորի մեջ։
Ինձ համար միանգամայն նոր բացահայտում էր Գուրոսի լուսանկարների ցուցադրությունը։ Նա հին Գորիսի վավերագրողն է, ում լուսանկարներում ես տեսա Բակունցի նկարագրած Կյորեսը։ Մի տեղ ժայռի մեջ բացված անցքի մեջ նստած է մի կին, որն այդտեղ է բարձրանում-իջնում ժայռն ի վար կախված պարանով, մի այլ տեղ վրաններ են և ծղոտահյուս հյուղակներ, իսկ գետնին փռած է չորաթանը։ Մի նկարում կարպետին նստած տարազով կինը իլիկ է մանում, իսկ մեկ այլ նկարում փոքրիկ հոտաղը քշում է եզներին։ Իսկ որ ամենազարմանալին է, այդ նկարներում ես տեսա Գորիս հասած ուղտերի քարավաններին, որոնք հեռավոր երկրներից այստեղ էին բերել իրենց զարմանահրաշ ապրանքները։ Ժամանակի անիվը ինձ տեղափոխում է բոլորովին այլ իրականություն, որտեղ քաղաքակրթությանն անտեղյակ մարդը ապրում է նախաստեղծ կյանքով։
Հին Գորիսը, որը գտնվում է քաղաքի հարավում, ևս մեկ վայր է, որտեղ պատմությունը կենդանանում է նեղ փողոցների և հնագույն տների մեջ: Այնտեղ է գտնվում Հին Գորիսի իմ ամենասիրելի վայրերից մեկը`19-րդ դարում կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին,որը շատ գաղտնիքներ ու առեղծվածներ է պահում։ Ասում են, որ եկեղեցու տակ ստորգետնյա անցումներ կան, որոնք տանում են դեպի հնագույն քարանձավներ։
Գորիսի ամենաառեղծվածային վայրերից մեկը Խնձորեսկն է։ Բնակավայրի մերձակայքում գտնվող հնագույն քարանձավային կացարանների այս յուրահատուկ համալիրը մինչ օրս բազմաթիվ հարցեր է առաջացնում պատմաբանների և հնագետների մոտ։ Ովքե՞ր են եղել Խնձորեսկի առաջին բնակիչները։ Ինչպե՞ս է նրանց հաջողվել ստեղծել ժայռային նման բարդ և բազմաստիճան կացարաններ։ Ի՞նչ գաղտնիքներ են թաքցնում այս հին քարանձավները:
Ավանդությունը պատմում է, որ Խնձորեսկը հիմնադրվել է հնադարում, սակայն դրա ծագման մասին ստույգ տվյալներ դեռ չեն հաստատվել։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ քարանձավներն օգտագործվել են որպես ապաստան պատերազմների և արշավանքների ժամանակ, մյուսները կարծում են, որ այստեղ ապրել են ճգնավորներ և վանականներ։
Գորիսը մի քաղաք է, որտեղ անցյալն ու ներկան միահյուսվում են՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ։ Գորիսի չբացահայտված պատմություններն ու վայրերը ոչ միայն անցյալի առեղծվածներ են, այլև ոգեշնչման աղբյուր` գալիք սերունդների համար։ Հուսով եմ, որ ապագայում հնագետները և պատմաբանները կկարողանան բացահայտել իմ ծննդավայրի բոլոր գաղտնիքները և աշխարհին պատմել նրա հարուստ ու զարմանալի պատմության մասին:
Սուսաննա Քյարունց
Ես ծնվել եմ մի չքնաղ, չնաշխարհիկ ու կախարդակամ քաղաքում, որտեղ ամեն բան իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի, այն մի քաղաք է, որը տարբերվում է ոչ միայն իր ոճով, մշակույթով, այլև իր չկրկնվող պամություններով, մարդկանցով և նույնիսկ նրանց մտածելոկերպով:
Շատերը գուցե արդեն հասկացան, թե որ քաղաքն է ամփոփված։
Գորիս, քաղաք, որը հարուստ է իր քարե վարպետություններով, լեռների հզորությամբ ու չբացահայտված վայրերով, որոնք իրենց մեջ հին ու անսովոր պատմություններ են պահում: Այս հին քաղաքի պատմության մեջ ամփոփված են պինդ ու կանգնուն լեռները, որոնք մշտապես ասես պաշտպան լինեն Գորիսին։
Դարավոր պատմություններ են կրում քարայրերը, որտեղ հին գորիսեցիները, թեև դժվարին, բայց երջանիկ կյանք են ունեցել, թեև մեծ տանջանքների գնով, բազում ծանր բեռներ իրենց ուսերին տանելով՝ կարողացել են ժպտալ և դեռ շարունակել ապրել: Նրանք հիմա էլ կան՝ նման մեծ լեռներին, կանգուն լեռներին։
Գորիս այցելած ցանկացած մեկը կփաստի այն մասին, որ Գորիսը պարզապես քաղաք չէ, այն պարզապես վայր կամ ապրելու տեղ չէ, այն մեր պատմությունն է։նայելով շուրջ բոլորը գտնվող քարայրերին՝ դժվար չի լինի գուշակել հին գորիսեցիների անցյալը։ Դա է ծնել այսօրվա գորիսեցու տոկուն կերպարը։
Գորիսում շատ են բացօթյա վայրերը, ինչը հաստատում է, որ գորիսեցին սիրում է բնությունը, չէ՞ որ գորիսյան բնության հանդեպ դժվար է անտարբեր լինել ու անհնար է չնկատել նրա ամեն մի անկյան յուրօրինակությունը։ Այդ մասին են վկայում անգամ տներն ու շինությունները,որոնք կարծես մեկ մարդու ձեռքի գործ լինեն։
Գորիսը մի քաղաք է, որի անցյալն ու ներկան միահյուսվել են, և չբացահայտված վայրերն ու պատմությունները շարունակում են պահպանել իրենց խորհրդավորությունը, որն էլ իմ քաղաքը դարձնում է գեղեցիկ ու հետաքրքիր։
Սոնա Միրաքյան
Գորիսը ոչ միայն հայտնի է իր ժայռափոր բնակարաններով, քարանձավներով և անզուգական բնությամբ, այլև ունի բազմաթիվ չբացահայտված վայրեր և մոռացված պատմություններ, որոնք սպասում են իրենց բացահայտմանը։Մեր քաղաքի ամենահանելուկային վայրերից մեկը Խնձորեսկի քարանձավային ավանն է, որը թեև շատերին հայտնի է, սակայն իր խորքում թաքցնում է դեռևս չբացահայտված գաղտնիքներ։ Այս քարանձավներում մարդիկ ապրել են դարեր շարունակ, իսկ ոմանք ասում են, որ գիշերները կարելի է լսել անցյալի ձայները՝ լցված ավանդույթներով ու առասպելներով։
Մյուս չբացահայտված վայրերից է «Սատանի կամուրջը»՝ բնական քարե կամուրջը, որը ձևավորվել է հազարավոր տարիների ընթացքում։ Թեպետ այն գրավում է այցելուներին իր տաք ջրերով և յուրահատուկ ձևով, քչերը գիտեն, որ այստեղի քարանձավներում մարդիկ ապրել են և օգտագործել բուժիչ աղբյուրները դեռևս հնագույն ժամանակներից։
Իսկ եթե խոսենք մարդկանց պատմությունների մասին, ապա մեր գյուղական տները և փողոցները լի են հին լեգենդներով։ Ծերերը պատմում են, որ երբեմն գիշերները քարանձավներում կարելի է տեսնել լույսեր, որոնք, ըստ նրանց, անցյալի հոգիների նշաններն են։
Գորիսը լի է չբացահայտված վայրերով և պատմություններով, որոնք դարձնում են այն խորհրդավոր ու գրավիչ։
Մարիետա Գևորգյան
Գորիսի ներկայիս մեզ հայտնի տարածքներում եղել են կառույցներ, որոնք քչերին են հայտնի։
Ներկայիս Յ. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցի տեղը 1937-1940-ական թվականներին եղել է ռուսական եկեղեցի, որը ինչ-ինչ պատճառներով քանդվել է։
Ներկայիս Լաստիկալ համալիրի տեղը եղել է Ավանգարդ սովխոզի գրասենյակը, իսկ դիմացի տարածքում եղել են պահեստներ, որտեղ պահվել են գյուղատնտեսական ապրանքներ և արհեստանոցներ, որտեղ վերանորոգվել են մեխանիզմներ։
Ներկայիս պիոներների պալատի, լողավազանի, Կարմիր արձանի տեղում եղել են հողամասեր, որտեղ մշակվել է ծխախոտ։
Ավանգարդ թաղամասի շենքերի տեղ եղել են գոմեր, որտեղ պահել են խոշոր անասուններ։
Գորիսը հայտնի է քարանձավ-բնակատեղիներով, որոնք «քրատակեր» են կոչվել։ Քարանձավներում ապրող հին գորիսեցիները, պարզվում է՝ նաև մշակութային կյանքի մասին չեն մոռացել։ Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց մի քանի րոպեի հեռավորության վրա մի յուրահատուկ քարանձավ կա, որ բնակիչներն ու տարբեր մասնագետներ պնդում են՝ ժամանակին որպես թատրոն է ծառայել։ Ժողովուրդը նստել է, դերասաններն էլ կա՛մ մեծերի, կա՛մ փոքրերի համար իրենց խաղերը ցույց են տվել, ժողովուրդը նայել, ուրախացել է։
Էլեն Հայրապետյան
Իմ ծննդավայրը՝ Գորիսը, հարուստ է պատմական և մշակութային հարուստ ժառանգությամբ: Ես ծնվել եմ Գորիսում և արդեն տասնհինգ տարի ապրում ու սովորում եմ այս հրաշալի քաղաքում: Այն մի գողտրիկ, բնության մեջ թաղված մի անկյուն է, որտեղ մեկտեղվում են բնական գեղեցկությունն ու հնագույն մշակութային արժեքները:
Գորիսը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում: Գորիսի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից: Այստեղ ես զգում եմ, թե ինչպես են ժայռերն ու քարանձավները խոսում անցյալի հետ՝ պատմելով այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրել այս տարածքում հազարամյակներ առաջ:
Քաղաքի արևելյան հատվածում՝ Վարարակն գետի ձախափնյա գոգավորության մեջ, գտնվում է Հին Գորիսը՝ Կյորեսը: Այստեղ կարելի է հանդիպել հնագույն ժայռափոր կառույցների, քարանձավային բնակարանների և կից շինությունների: Այնտեղ՝ քարանձավներից մեկի ներսում, գտնվում է թատրոն՝ գորիսեցիների Ամֆիթատրոնը:
Գորիսը հայտնի է իր քարերով, և նրա ժայռերն ու քարերն ունեն ամենատարբեր ուրվագծային ձևեր, որոնք ուղղակի կախարդում են յուրաքանչյուրին: Քաղաքի հարևանությամբ գտնվում է Ակներ համայնքը: Այն առանձնանում է իր գեղեցիկ բնությամբ, ժայռերով և քարանձավներով:Գեղեցիկ և շատ մարդկանց կողմից անհայտ վայր է «Խաչի Օսը» այն համարվում է սրբատեղի։ Գտնվում է Իշխանասարի ստորոտի ժայռոտ բլուրներից մեկի վրա՝ Վարարակն գետի ակունքների շրջակայքում։ Համալիրի հիմնական հատվածը մի երկարավուն քարատակ է, որի մեկ մուտքով ուխտավորները ներս են մտել, իսկ երկրորդով՝ դուրս եկել։ Բացի հիմնական քարատակից, կան նաև այլ սրբացված խորշեր, իսկ համալիրի վերին հարթակի վրա տեղադրված են մի քանի նոր խաչքարեր, տաղավարների, մատաղի ծեսի իրականացման հարմարություններ։ Բլուրի վերին հատվածներից դեպի հիմնական սրբատեղի իջնելու համար տեղադրել են աստիճաններ, և տաղավար է կառուցվել նաև բլուրի ստորոտում՝ Վարարակն գետակի ափին։ Բլրի ստորոտում առկա քարատակներից մեկը նույնպես սրբացված է, որտեղ տեղադրված քարե նոր ցուցանակի վրա գրված է «Սուրբ Գևորգ», իսկ ներսում տեղադրված է տասմեկից տասներկուրդ դարերի խաչքար և կոթողի սյուն։ Երկմուտք քարատակի մեջ տեղադրված են բազմաթիվ սրբապատկերներ, ծաղիկներ, մոմակալներ, լուսանկարներ և դրոշներ։
Ակներ գյուղից մի փոքր ներքև գտնվում է Վերիշեն գյուղը։ Վերիշեն համայնքի գյուղապետարանի մոտ գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը տեսքով նման է Նոյյան տապանին։ Կառուցվել է չորսից հինգերորդ դարերում։ Այն համարվում է ամենախոշոր եկեղեցին։ Պատերը պատված են կամակարապ որմնախորշերով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հարավարևմտյան ճակատի վրա պահպանվել է մի փոքր վնասված արևի ժամացույցը։ Այս եկեղեցին բացառիկ է նրանով, որ պատկանում է այն սակավաթիվ հուշարձանների թվին, որոնց խորանը ոչ թե բազմանիստ է, այլև կիսաշրջանաձև։ Եկեղեցու բակում պահպանվել են տասնհինգից տասնյոթերորդ դարերի արժեքավոր արձանագիր խաչքարեր և տապանաքարեր։ Այստեղ կա նաև հազվադեպ հանդիպող մի կոթող։
Գորիս համայնքի բնակավայրերից է Խնձորեսկնը, յուրահատուկ քարանձավային բնակավայր, որտեղ մարդիկ ապրել են դեռևս հնագույն ժամանակներից: Քարանձավներն այնքան գեղեցիկ և խորհրդավոր են, որ դրանք կարծես կախարդական աշխարհի դռներն են բացում: Ինձ թվում է, թե բնությունը և պատմությունը միաձուլվել են իրար: Այստեղ է գտնվում բոլորիս հայտնի ճոճվող կամուրջը, բարձրությունը կազմում է վաթսուներեք մետր: Այն կապում է Խնձորեսկի երկու ափերը՝ Հին և Նոր: Կառուցվել է 2012 թվականին գորիսեցի գործարար Ժորա Ալեքսանյանի միջոցներով: Կամրջի վրա միաժամանակ կարող է կանգնել յոթ հարյուր մարդ:
Հին Խնձորեսկում է գտնվում նաև Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը:
Գորիս համայնքի անհայտ վայրերից մեկն է համարվում Սուրիկի լիճը, որի մասին շատ քիչ մարդ գիտի: Այն գտնվում է Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում․ բնական լիճ է: Լիճը հայտնի է իր մաքուր ջրերով և գեղեցիկ բնապատկերներով, որոնք գրավում են ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Այստեղ կարելի է վայելել հանգիստ՝ շրջապատված բնության գեղեցկությամբ:
Գորիսը նաև հայտնի է իր հարուստ բանահյուսությամբ։ Տեղի ավանդույթները, լեգենդներն ու պատմությունները փոխանցվել են սերնդեսերունդ՝ պահպանելով քաղաքի յուրահատուկ մշակութային դիմագիծը։ Այս պատմությունները հաճախ կապված են հնագույն վայրերի և ժայռերի հետ, որոնք դեռևս սպասում են իրենց հայտնությանը։ Գորիսի շրջակայքում կան բազմաթիվ վայրեր, որոնք դեռևս մնում են զբոսաշրջիկների ուշադրությունից դուրս։ Այս վայրերը սպասում են իրենց հայտնաբերմանը՝ առաջարկելով նոր հնարավորություններ արկածախնդիրների և պատմության սիրահարների համար։ Գորիսը, իր չբացահայտված պատմություններով և վայրերով, հրավիրում է բոլորին բացահայտելու իր գաղտնիքները և վայելելու իր անկրկնելի գեղեցկությունը։
Անի Վանյան
Գորիսը, որը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, հայտնի է իր յուրահատուկ քարանձավներով՝հնության լուռ վկաներով, որոնք դարեր շարունակ ծառայել են որպես բնակավայրեր, ապաստարաններ և պաշտամունքի վայրեր։ Գորիսի քարանձավները հիմնականում օգտագործվել են որպես բնակելի տարածքներ։ Դրանք հաճախ կազմված են եղել մի քանի սենյակներից, որոնք ապահովել են բնակիչներին անհրաժեշտ պայմաններով։ Որոշ քարանձավներ ունեցել են նաև պահեստային տարածքներ և կենդանիների համար նախատեսված հատվածներ։ Այս քարանձավային բնակավայրերը վկայում են տարածաշրջանի բնակիչների հարմարվողականության և ստեղծագործական մտածողության մասին։
Բացի բնակելի քարանձավներից Գորիսի տարածքում կան նաև քարանձավներ, որոնք օգտագործվել են որպես պաշտամունքի վայրեր։ Դրանցում հայտնաբերված խաչքարերը և այլ կրոնական խորհրդանիշները վկայում են, որ այստեղ կատարվել են կրոնական արարողություններ։ Այս վայրերը կարևոր դեր են խաղացել համայնքի հոգևոր կյանքում։
Գորիսի քարանձավները դեռևս պահպանում են բազմաթիվ գաղտնիքներ։ Չնայած որոշ քարանձավներ ուսումնասիրվել են, շատերն առ այսօր մնում են չբացահայտված։
Հնագետները և հետազոտողները շարունակում են աշխատել՝ բացահայտելու այս քարանձավների պատմությունը, դրանց կառուցման տեխնիկան և օգտագործման նպատակները։
Գորիսի քարանձավները ոչ միայն պատմական արժեք ունեն, այլև մեծ հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջիկների համար։ Այցելելով այս քարանձավները՝ կարելի է զգալ անցյալի շունչը և հասկանալ, թե ինչպես են ապրել մեր նախնիները։ Այսպիսով՝ Գորիսի քարանձավները Հայաստանի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են և շարունակում են հիացնել և զարմացնել իրենց առեղծվածներով և գեղեցկությամբ։
Վահան Մուսայելյան
Գորիսը՝ քարանձավներով, կանաչ հովիտներով ու հին պատմություններով լի քաղաքը, իր մեջ թաքցնում է բազմաթիվ առեղծվածային վայրեր, որոնց մասին քչերը գիտեն։ Ամենախորհրդավոր վայրերից մեկը քաղաքի ծայրամասում գտնվող հին քարանձավային համալիրն է, որը հայտնի է միայն տեղացիներին։ Պատմում են, որ այստեղ տարիներ առաջ մարդիկ ապրել են, իսկ հետո այն ծառայել է որպես գաղտնի ապաստարան։
Մարդիկ ասում են, որ գիշերային լռության մեջ երբեմն կարելի է լսել անցյալի շշուկները․․․ Կարծես քարերը դեռ պատմում են իրենց գաղտնիքները։ Մեկ այլ հետաքրքիր վայր գտնվում է Գորիսի շրջակա անտառներում։ Մի փոքրիկ լքված եկեղեցի կա, որի պատերի վրա դեռևս պահպանվել են հին գրություններ։ Տարեցները հիշում են, որ այս վայրը երբեմն օգտագործվել է գաղտնի արարողությունների համար, իսկ լեգենդները պատմում են մի կախարդական աղբյուրի մասին, որի ջուրը բուժում էր հիվանդություններ։ Քաղաքի հին փողոցներում կա մի առանձնահատուկ քարե շինություն, որի պատմությունը հայտնի է միայն ավագներին։ Ասում են, որ այստեղ մի ժամանակ ապրել է մի մեծահարուստ ընտանիք, որը հանկարծակի անհետացել է՝ թողնելով իր ունեցվածքը։ Մինչև այսօր մարդիկ փորձում են հասկանալ այդ տան առեղծվածը։
Այսպիսի անհայտ ու չբացահայտված վայրերը Գորիսին տալիս են յուրահատուկ մթնոլորտ՝ այն դարձնելով ոչ միայն գեղեցկություն, այլև խորհրդավորություն։
Միգուցե հենց այս անկյուններում դեռ թաքնված են պատմություններ, որոնք սպասում են իրենց նոր բացահայտողներին։
Մարի Ավետիսյան /11-րդ դասարան/
Ընդհանրապես սովորություն չունեմ միայնակ զբոսնելու փողոցներով, սակայն միայնությունը փողոցներում նախընտրելի է տնային միայնությունից։
Այդ իսկ պատճառով որոշեցի դուրս գալ տնից և քայլել այնքան, մինչև բռնածս ճանապարհը ինձ անծանոթ դառնա։
Քայլում էի և մտածում, որ համարյա բոլոր փողոցները ծանոթ են ինձ։
Գորիսը այլ էր թվում, երբ միայնակ էի զբոսում։ Վիեննի պուրակը անցնելով՝ հայացքս կանգ առավ մի պատշգամբի վրա։ Երևակայությունս անմիջապես գեներացրեց Գարեգին Նժդեհի և Զորավար Անդրանիկի ուրվագիծը այդ պատշգամբում։ Նրանց ելույթը այդ պատշգամբից շատերին է ոգեշնչել։
Նույն մայթով իջա և տեսա եկեղեցին, որտեղ էլ Նժդեհը օծվել է սպարապետ։ Նույն եկեղեցում տեղի է ունեցել Նժդեհի ամուսնության արարողությունը։
Չեմ էլ հիշում՝ ինչպես հասա Ակսել Բակունցի տուն-թանգարան և ինձ գտա արձանի դիմաց։ Քայլերս ուղղեցի տան բակ, և թվաց, թե բոլոր գույները խամրեցին, և սև-սպիտակ հագած մեկը հուսահատ սկսեց փորել հողը՝ փաթաթած մի կապոց թաղելով հողի տակ։ Տեսարանը թեև ընկճող էր, սակայն գիտեի, որ այդ թղթերը Բակունցի մի շարք ստեղծագործություններն են, որոնք, թաղվելով հողի տակ, փրկվել էին բարբարոսների ձեռքերից: Ընկճող տեսարանը ստիպեց դուրս գալ բակից․․․․
Մտքերիս ուղղությունն էլ փոխեցի։
Ըստ մի շարք հետազոտողների՝ Գորիսի տեղում դարեր առաջ եղել է լիճ: Երկրաշարժերի պատճառով հողը ճեղքվել է, և ջուրը լցվել է երկրի ընդերքը: Դրանով է պայմանավորված Գորիսի առատ բուսականությունը, խոնավ կլիման և փոսային դիրքը:
Չէ՛, միայնակ չեմ, իմն է, իմ ՍԵՐԸ, իմ ՎԱՅԵԼՔԸ, իմ ԼՈՒՍԵ ԱՇԽԱՐՀԸ։
Եթե ծննդավայրում ենք, երբեք միայնակ չենք։
Նախագծի հանրային ներկայացում․
Կայքի շնորհանդես
ԳՈՐԻՍ
ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԻՍԻՆ