Գյումրու «Գալերի 25» ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Լիլիթ Բաչաչի եւ գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեքերի «Կանանց աշխարհը» խորագրով աշխատանքների համատեղ ցուցադրությունը:

Ցուցասրահի հիմնադիր, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր- Մինասյանն է Բեքերին ծանոթացրել Հայաստանի հետ: Տարիներ առաջ արվեստագետին ուղեկցել է Արփի լիճ՝ բնություն նկարելու նպատակով: Սակայն ինչպես Տեր-Մինասյանն է ասում, զգացվեց, որ նա մարդկանց ավելի շատ է սիրում:

Գերմանացի արվեստագետի ուշադրությունը գրավեցին գյումրեցի աշխատող կանայք, նրանց աշխատանքն էլ դարձավ ստեղծագործելու աղբյուր: Լուսանկարչի աչքն աշխատանքի պահին սկսեց որսալ տարբեր մասնագիտություն ունեցող գյումրեցի կանանց: Նրա նկարներում կանայք եփում, թխում, կարում, լվանում, քանդակում, նվագում, գրում, բուժում են․․․

Բեքերը զարմացած է, որ Գյումրիում կանայք այսքան աշխատասեր են: Գյումրեցի նկարչուհի Լիլիթ Բաչաչի հետ հանդիպումն էլ առիթ է եղել, որ համատեղ ուժերով վեր հանեն կնոջ ներքին ու արտաքին գեղեցկությունը:

Լիլիթ Բաչաչը սիրով է համագործակցել արտասահմանցի արվեստագետի հետ: Ասում է՝ իրենց գործերն, անկախ իրար ճանաչելուց, կանանց շուրջ են պտտվում: «Բեքերը նկարում էր կանանց աշխատելիս, ես՝ նրանց ներաշխարհն ու զգացածը: Երկուսս էլ ուզում ենք, որ կնոջ հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունն ավելի շատ լինեն»,- ասում է Լիլիթը:

Ցուցահանդեսին ներկա Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր գնահատեց մտահղացումը, ասաց՝ շատ կարեւոր թեմայի շուրջ է հանդիպումը: «Որպես Եվրոպական միություն՝ մեր գործընկերների հետ համատեղ մենք ջանք չենք խնայում, որ կանայք ակտիվորեն ներգրավվեն հասարակական կյանքում: Այսօր հասարակությունը կնոջ ջերմ ու զգացական մոտեցման կարիքն ունի»:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը բարձր գնահատեց տիկին Վիկտորինի այցը եւ նույնպես կարեւորեց կանանց դերակատարությունը հասարակական կյանքում․«Ես վստահ եմ, որ շատ կարեւոր թեմաների մասին պետք է խոսել շատ նուրբ երանգներով։ Արվեստի միջոցով խոսել կանանց մասին, բարձրացնել այն խնդիրները, որոնք թաքնված են, եւ որոնց մասին հակված չենք խոսելու, շատ կարեւոր է»։