Էմոցիա / Emotion
Էմոցիա / Emotion
Մայիսի 24-ին' ժամը 17։00-ին, "Բեռլին արթ" հոթելի Գալլերի 25 ցուցասրահում տեղի կունենա ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի մագիստատուրայի գեղանկար և քանդակ բաժինների ուսանողների ցուցահանդեսը։Նրանց միավորել է էմոցիան։
Զգացմունքը միջին տևողության մտավոր գործընթաց է, որն արտացոլում է անհատի վերաբերմունքը։
Մեզ կառուցում են մեր էմոցիաները'
հիշողություն, ծիծաղ, լաց... Մեզնից յուրաքանչյուրն զգում ու վերապրում է աշխարհը յուրովի։ Էմոցիաները, որոնք խտանում են մեր մեջ, ամենքի մոտ տարբեր կերպ են արտահայտվում։ Նրանք նման են էներգիաների, որոնք ստանալուց հետո պետք է բաց թողնես...
Վրձնհարվածները, ծեփված կավը էմոցիայի խտացում ու արտացոլում են արվեստի լեզվով։
Ի՞նչ են մեզ տալիս հին պատմությունները։
Ո՞րտեղից ենք գալիս։
Ի՞նչ ենք զգում այս կամ այն սիմվոլը տեսնելիս։
Ի՞նչ ենք մենք հիշում...
Հազարավոր հարցեր են պտտվում մեր գլխում ամեն օր ու ամեն ժամ։ Մենք փորձում ենք հասկանալ' այսօր ինչ գույն ունի մեր էմոցիան։
Սուրեն Նահապետյանի գործերում առօրեական ու արդիական հույզերը միախառնվում են ու սկսում խոսել դիցաբանական լեզվով։
Նարինէ Փօլատեանի գործերը սահմանում են մարդու հողեղեն լինելը, նրա արմատները։
Մեզ շրջապատող թվերի, սիմվոլների և մեր միջև ենթագիտակցական զրույց կա, որն ազդում է մեր այս կամ այն որոշման, ապրումի կամ մտքի վրա։ Ալեքս Այվազյանն իր գործերում ընդգծում է թվից և սիմվոլից եկող էմոցիան։ Վարդուհի Անդրանիկյանի գործերում հիշողության ու իրականության երկխոսություններ են։