Երկխոսություն / Dialog
Երկխոսություն / Dialog
Հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Մարիամ Միլիտոսյանի «Երկխոսություն» խորագրով ցուցադրության բացմանը, որը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 13-ին` ժ.15:00, Գյումրու Գալերի 25-ում (Հաղթանակի 25)։
«Հայաստանը, փոքր երկիր լինելով, անծայրածիր է դառնում, երբ մտովի փորձում ես բացել վերջինիս «ծալքավոր» լանդշաֆտը, ՏԵՍՆԵԼ և ԶԳԱԼ այն խորությունը, որն իր մեջ ներառում է դարեր շարունակ ցավ և դժվարություն տեսած և կարծես ամեն անգամ նորովի վերապրած, հաղթանակած, ավելի փարթամացած և գեղեցկացած բնությունը։ Այդ բնության ահռելի ուժին դիմակայելն անհնար է, և ինքստինքյան խոնհարվում, ընկղմվում ես նրա բազմաշերտության մեջ։ Բնության հետ երկխոսելու արվեստին տիրապետելը դժվար գործ է, քանի որ այն իր օրենքներն ունի, և ինքն է թելադրողը։
Որպես արվեստագետ՝ փորձում եմ քայլ առ քայլ բացահայտել այդ շերտերը՝ ուսումնասիրելով այն, որպեսզի կարողանամ հաղորդակցվել նրա հետ։ Բնության ուսումնասիրության արդյունքում բացահայտում եմ նաև ինքս ինձ, հասկանում եմ, որ լինելով բնության մաս` կարիք ունեմ իմ ներաշխարհի շերտերի բացահայտման, որոնց մասին ինքս չգիտեմ։
Գյումրին, Դիլիջանը և Ջաջուռը տեղ են գտել իմ կտավներում։ Վերջիններում ցույց եմ տվել իմ առանձնահատուկ վերաբերմունքը յուրաքանչյուր բնակավայրի նկատմամբ։ Գյումրին արտահայտել եմ իր կոլորիտով, իրեն հատուկ գունաշարով և ասելիքով։ Ջաջուռի վառ գունապնակը իր տեղն է ունեցել այս շարքում, իսկ լույսի և արվեստի խաղը բնության շնչում արտահայտել եմ Դիլիջանը պատկերող կտավներում։
Էտյուդների շարքն արտահայտում է այն զգացողությունները, որոնք ստացել և ստանում եմ ներշնչանքիս առարկաներ հանդիսացող բնության յորաքանչյուր տարրից. սկսած օդի խոնավութունից, մինչև արևի անկյունային ճառագայթները»։
–Մ. Միլիտոսյան