ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

Կոտայքի մարզը կենտրոնական դիրք է գրավում Հայաստանի Հանրապետության տարածքում: ՀՀ-ում այն միակ «ներքին» մարզն է: Կոտայքի մարզը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ, զբաղեցնելով հիմնականում նրա Կոտայք և Նիգ գավառները:

Կոտայքի մարզը աչքի է ընկնում բնական պայմանների ու հարստությունների մեծ բազմազանությամբ: Այստեղ համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են և´ բարձրաբերձ լեռնագագաթներ ու խոր կիրճեր, և´ լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ: Գեղամա լեռները կազմող հրաբխային ապարների մեջ ներծծվող ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս լեռների ստորոտներում, ինչպես նաև` Հրազդան և Ազատ գետերի կիրճերում: Հռչակված են Քառասունակնի, Արզնիի և Գառնիի աղբյուրները, որոնց սառնորակ ջրերը հատուկ խողովակներով հասցվում են նաև քաղաքամայր Երևանի բնակչությանը: Հրազդան և Ազատ գետերի կիրճերի առանձին հատվածներ բնական հիանալի հուշարձաններ են: Տպավորիչ են լավաների մեջ գոյացած բազալտե սյունաձև առանձնացումները` անձեռակերտ բազմանիստ պրիզմաները:

Մարզի տարածքը բնակեցված է եղել դեռևս հազարամյակներ առաջ, բայց ներկայիս վիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել բնակության մեխանիկական աճը: Բազմաթիվ հայ ընտանիքներ վերաբնակվել են այստեղ դեռևս 1830-ական թվականներին Պարսկահայաստանից և Արևմտյան Հայաստանից: Բայց ավելի մեծ ներհոսք եղել է 1950-ական թվականներից հետո, երբ բուռն զարգացում է ապրել արդյունաբերությունը: Եկել են ինչպես Վրաստանից ու Ադրբեջանից, այնպես էլ Հայաստանի շրջաններից: Մարզի բոլոր քաղաքային բնակավայրերի ծագումն ու զարգացումը պայմանավորված է ջրաէլեկտրակայնների Սևան-Հրազդան կասկադի և դրա հիման վրա` նոր գործարանների ու ֆաբրիկաների շինարարությամբ:

Կոտայքի մարզի քաղաքների շարքում ամենախոշորը Հրազդանն է, մարզային կենտրոնը: Այն կառուցվել է Ներքին Ախտայի և նրա հարևան մի քանի գյուղերի տեղում: Քաղաքի բուռն զարգացմանը մեծ չափով նպաստել է մարզի և ամբողջ հանրապետության տարածքի նկատմամբ նրա ունեցած կենտրոնական դիրքը և տրանսպորտային լավ ապահովվածությունը: Քաղաքը գտնվում է երկրի ճանապարհային ցանցում առանցքային դիրք գրավող Երևան-Սևան ավտոխճուղու վրա և միաժամանակ երկաթուղային հանգույց է: Հրազդանը աչքի ընկնող քաղաք է դարձել առաջին հերթին էներգետիկայի, շինանյութերի արդյունաբերության և մեքենաշինության այնպիսի հսկաների շնորհիվ, ինչպիսիք են` Հրազդանի ջերմաէլեկտրակայնը (հզորագույնն է երկրում), ցեմենտի գործարանը, «Հրազդանմեքենա» գործարանը:

Մարզի երկրորդ քաղաքը Աբովյանն է (նախկին` Էլար): Այն ստեղծվել է որպես Երևանի արբանյակ քաղաք և Հայաստանի արդյունաբերական բուռն զարգացման տարիներին դեպի իրեն է ձգել նոր կառուցվող գործարաններ և դրանով իսկ դանդաղեցրել Երևանի անհարկի աճը: Այդ հիմնավորումով այստեղ ստեղծվել են աշխատատար ճշգրիտ մեքենաշինության, հատկապես էլեկտրոնային սարքաշինության հզոր ձեռնարկություններ:Կոտայքի մարզի և ամբողջ հանրապետության տնտեսական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն մյուս քաղաքները ևս: Օրինակ, Չարենցավանը հայտնի է որպես մեքենաշինության, Նոր Հաճնը` սարքաշինության ու ադամանդների մշակման, Ծաղկաձորը` առողջարանային կենտրոն:

* * *

Կոտայքի մարզում են գտնվում Արզնի և Հանքավան առողջարանները (հանքային աղբյուրների մոտ), Մարմարիկի առողջարանային գոտին` բազմաթիվ հանգստի ու առողջարանական ճամբարներով: Այստեղ է Ծաղկաձորի մարզական օլիմպիական համալիրը, որտեղ թե´ ձմռանը և թե´ ամռանը հանգստանում և կամ իրենց սպորտային վարպետությունն են բարձրացնում մեծաթիվ այցելուներ Հայաստանի տարբեր մարզերից ու արտասահմանից:

 

Բջնի գյուղն առաջին անգամ հիշատակվում է Vդ., Ղազար Փարպեցու «Պատմություն Հայոց»-ում։

Սկսած Xդ., Պահլավունիների օրոք, Բջնիի քաղաքական դերը մեծացավ։ XI դարից Բջնին հիշվում է որպես բերդաքաղաք։ Այս շրջանում Բջնին Վասակ-Հոլում Պահլավունու նստավայրն էր։ Վերջինս վերաշինեց ամրոցը և 1020-ական թթ. ետ մղեց Բջնիի վրա հարձակում գործած քոչվոր ցեղերին։ Բջնին դարձավ Հայաստանի չորս եպիսկոպոսական աթոռանիստներից մեկը, որին վերապահված էր կաթողիկոսի ընտրությունը։ Այստեղ 1066թ.-ին տեղի ունեցան կաթողիկոսական ընտրություններ։

1072թ.-ից Բջնին ընկավ թուրք-սելջուկների գերիշխանության տակ, ենթարկվեց ավերների ու կողոպուտի։ 1201թ.-ին հայոց զորքերը գրավեցին Բջնին, և այն դրվեց Զաքարյանների իրավասության ներքո, ապա դարձավ Աթաբեկ Զաքարյան Ավագի աթոռանիստը։ 1386թ.-ին Բջնին ենթարկվեց Լենկթեմուրի հրոսակների ասպատակությանը։ XIII-XIVդդ. Բջնիում էր նստում Այրարատյան նահանգի արքեպիսկոպոսը, որը Արևելյան Հայաստանի չորս գերագահ եպիսկոպոսներից մեկն էր, և որի ձայնը վճռական նշանակություն ուներ կաթողիկոսական ընտրությունների ժամանակ։

Բջնին հայ գրչության օջախներից էր։ 1478թ.-ին գրված մի Ավետարանի հիշատակարանում Բջնին հիշատակվում է «աստվածաբնակ և անառիկ դղյակ Բջնի» ձևով։ Հին քաղաքի ավերակները գտնվում են Հրազդան գետի աջ ափին, բարձրադիր սարահարթի վրա։

Բջնիի արևելյան մասում, բլրի գագաթին, սրբատաշ տուֆից VIIդ. կառուցվել է Ս.Սարգիս գմբեթավոր խաչաձև եկեղեցին։ Իր արտակարգ փոքր չափերի հետևանքով (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) կոնստրուկցիաները խիստ պարզեցված են։

Սարահարթի վրա Պահլավունի իշխանները X-XIդդ. հիմնել են մի բերդ, որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին, որի որդին՝ Գրիգոր Մագիստրոսը, 1031թ.-ին կառուցել է Ս.Աստվածածին եկեղեցին (այժմ էլ կանգուն)։ Եկեղեցու յուրօրինակ տարրերից են՝ ներսում 5մ բարձրության վրա պատերի երկայնքով ձգված բարձակային քարե դարակները։ Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։

Եկեղեցուն հարավից կցված է թաղածածկ մատուռ (XIIIդ.), որի արևմտյան պատի խորշում կանգնեցված է մեծ խաչքար։ Բջնիում ստեղծագործել են նշանավոր քարգործ վարպետներ, այդ մասին վկայում է արևելյան պատի դիմաց կանգնեցված բարձրարվեստ խաչքարերը։ Եկեղեցին XVIIդ. ուղղանկյուն պարագծով պարսպապատվել է: Վերանորոգվել է 1947թ.-ին։ Եկեղեցու որմերն ունեն արձանագրություններ։

Բջնիի ուշագրավ վայրերից մեկը Ծակքար կոչվող ժայռն է, որն իսկապես բնության հրաշքներից է: Դա մի վիթխարի բնական կամար է, որը բացված է ձորի երկայնքով ձգված ժայռերի մեջ:

 

ԳԱՌՆԻ

Գառնիի ամրոցն ու հնավայրը գտնվում է Կոտայքի մարզի համանուն գյուղում, Ազատ գետի աջ ափին։

Ըստ XIVդ. մի ձեռագրի, հիմնադրվել է մ.թ.ա. 2166թ.-ին։ Առաջին անգամ հիշատակում է Տակիտոսը՝ «Gornea» ձևով։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնիի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։

Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. IIդ.։ Մ.թ. Iդ. կեսերին այն ավերել են հռոմեական զորքերը։ Iդ. 70-ական թթ. Գառնին վերականգնել է Տրդատ Ա թագավորը, որի թողած հունարեն արձանագրությունում այն անվանված է «անառիկ ամրոց»։ Արտաշեսյան և Արշակունյաց թագավորների օրոք Գառնին եղել է նշանավոր ամրոց, զորակայան և ամառանոց, իսկ IVդ. եպիսկոպոսանիստ բնակավայր։ Ամրոցն ավերվել է արաբական նվաճումների ժամանակ, բայց ավանը պահպանել է իր գոյությունը և IXդ. 2-րդ կեսին աճել ու դարձել է գյուղաքաղաք։ Xդ. սկգբին, Աշոտ Բ Բագրատունի թագավորի օրոք, վերականգնվել է նաև ամրոցը։ X-XVդդ. Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը։

Գառնիի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է մ.թ.ա. III հազարամյակի 2-րդ կեսի վաղ բրոնզեդարյան բնակավայր՝ բոլորակ և քառանկյունի հատակագիծ ունեցող կացարաններով և օջախներով։ Գառնին դեռևս մ.թ.ա. III հազարամյակում եղել է Հայաստանի անասնապահական-երկրագործական բնակավայրերից մեկը։ Հայտնաբերվել են նաև միջին և ուշ բրոնզեդարյան (մ.թ.ա. II հազարամյակ) դամբարաններ և հնագիտական նյութեր, ուրարտական և վաղ հայկական (մ.թ.ա. VI-IVդդ.) խեցեղեն և Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունը, որի մեջ Գառնին իր շրջակայքով անվանված է Գիառնիյան երկիր։ Ամրոցի առջև եղել է քաղաքատիպ բնակավայր, որի հետքերը ծածկվել են միջնադարյան և նոր ժամանակների կառույցներով։ Գյուղը հյուսիսից երիզող բլրաշարքի վրա գտնվում է միջնադարյան գերեզմանոցը՝ քանդակազարդ խաչքարերով, մակագրված տապանաքարերով։

Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է մ.թ.ա. III-IIդդ.։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ սիստեմը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավ-արևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ: Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Ամրոցի շինությունների կոմպոզիցիոն կենտրոնը կազմել է սյունազարդ տաճարը։ Տաճարից արևմուտք, հրվանդանի գրեթե եզրից բարձրացել է պալատական շենքի խոշոր կառուցվածքը։ Բաղնիքի շենքը բաղկացած է միևնույն ուղղությամբ, միմյանց հաջորդող չորս սենյակներից: Առաջին սենյակը, շնորհիվ իր դիրքի և ներքին առավել հարուստ ձևավորման (խճանկարով հատակ, կորագիծ խորշի մեջ ստեղծված ջրավազան և այլն), եղել է բաղնիքի նախասրահ-հանդերձարանը։ Երկրորդ և երրորդ սենյակները, ունենալով հատակագծային միևնույն ձևը և չափերը, եղել են լոգարաններ, երկրորդը՝ սառը ջրի համար, երրորդը՝ գոլ։ Չորրորդ սենյակի մեծ մասը, որ անմիջապես հաջորդում է սառը և գոլ լողասենյակներին և ունի դրանց ձևն ու չափերը, եղել է տաք ջրի լողասենյակը։ Հյուսիս-արևմտյան հատվածում գտնվել է ջրամբարը, հարավ-արևմտյան մասի հատակի տակ՝ կրակարանը ջուր տաքացնելու համար։ Գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրաթյուն է ներկայացնում հանդերձարանի խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հուշարձաններից է։ Խճանկարի վրա պատկերված է ծով, ուր ներկայացված են տարբեր աստվածություններ, ջրահարսներ (ներեիդներ), իխտիոկենտավրներ՝ ձիու իրանով ձկան վերջավորությամբ մարդ, ձկնորս, բազմապիսի ձկներ և այլն։ Պատկերներում կան ծովի հետ կապված զանազան արտահայտություններԾովի խորք», «Ծովային անդորր» և այլն) ու աստվածների անուններ (Գլավկոս, Թետիս, Էրոս և այլն)։ Խճանկարի կենտրոնում պատկերված են տղամարդու ու կնոջ կիսանդրիներ, վերը գրված՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ Խճանկարը պատրաստված է 15 գույնի բնական քարերից, սյուժեն, իրականացման տեխնիկան, ոճային ու գունային առանձնահատկությունները, ինչպես և բաղնիքի շինության կառուցվածքը հիմք են տվել ամբողջ հուշարձանը համարելու IIIդ. գործ։

Հեթանոսական տաճարը կառուցվել է Iդ. 2-րդ կեսին՝ ամրոցի վերակառուցման շրջանում (77թ.)։ Քրիստոնեական կրոնի ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցային սենյակը (հովանոցը)։ Կործանվել է 1679թ.-ի երկրաշարժի ժամանակ։ Շենքը ըստ ընդհանուր, հորինվածքի պերիպտեր է, որի տարածական-ծավալային կառուցվածքը, վեր ելնելով բարձր պատվանդանի վրայից, պսակվում է հարուստ մշակված ճակատներով։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցուլի կճղակ, որը պատկանել է քրիստոնեական կրոնի տարածման ժամանակ ոչնչացված հեթանոսական կուռքին։

 

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի կենտրոնական մասում կանգուն է Ս.Աստվածածին երկհարկ եկեղեցի-դամբարանը՝ կառուցված 1301թ.-ին։

եկեղեցին ավարտվում է ռոտոնդայով: Առաջին հարկը ծածկված է խաչաձևվող կամարներով ու թաղերով։ Երկրորդ հարկը, ուր բարձրանում էին դրսից փայտե շարժական և պատին ամրացված քարե պահունակային աստիճաններով, դրսից և ներսից թույլ շեշտված խաչաձև հորինվածք է, որի թևերը թաղածածկ են, արտաքինից երկթեք տանիքով։ Համեմատաբար զուսպ մշակված առաջին հարկը հարկաբաժան գոտիով առանձնանում է զարդապատկերաքանդակների առատությամբ աչքի ընկնող երկրորդ հարկից։ Յուրաքանչյուր ճակատի կենտրոնում սյուժետային պատկերաքանդակներ են՝ եղջերու հոշոտող հովազ, քարայծ, արծիվ՝ հորթը ճանկերում։ Առավել ուշադրություն է դարձված արևմտյան ճակատին, որտեղ զարդաքանդակներով և շթաքարե բարավորով մուտքից վեր Աստվածածնի և սրբերի պատկերաքանդակներն են։ Քանդակների մեծ մասը ներկված է եղել։ Հարդարանքի առանձնահատկաթյուններից է ռոտոնդայի սյունակամարաշարից վեր զարդանախշ գոտին, կազմված քառակուսի, ութանիստ և ութանկյուն աստղաձև հախճասալերից, որոնց վերևը և ներքևը զարդարված են ոճավորված արմավենիով, իսկ մեջտեղում պատկերված են նապաստակ, ընձառյուծ, գայլ, քարայծ, օձ, եղջերու, կարապ և այլ կենդանիներ։ Սալերը պատկանում են XIII-XIVդդ. արվեստին և տեղադրվել են եկեղեցու կառուցումից հետո:

Եղվարդի կենտրոնում պահպանվել են բազիլիկ եկեղեցու ավերակներ (Vդ.):

Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։

Համալիրը կազմված է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության, 1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով։ Արտաքին հարդարանքը զուսպ է, արևելյան ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ։ Ողջ հորինվածքի վրա իշխում է 10,4մ տրամագծով գմբեթը։ Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8մ×16,5մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XIIդ. վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութանիստ գմբեթով։ Ի տարբերություն ճակատների պարզության, ներսի հարդարանքը բավականին հարուստ է։

Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Ս.Նշան ոչ մեծ եկեղեցին։ Այն որոշակի թվագրված չէ, սակայն, ելնելով XIդ. ճարտարապետական բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրիգոր Մագիստրոսը Կեչառիսում 1051թ.-ին ևս մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Ս.Նշանն է։

Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214թթ.-ին (հավանաբար՝ Վեցիկ վարդապետի ձեռքով), տեղադրված է համալիրի հարավային մասում, Ս.Նշանի կողքին։ Ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր շենք է՝ չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով։ Կաթողիկեն իր հարդարանքով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է։

Շինությունների հիմնական խմբից արևմուտք, 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Ս.Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։

Կեչառիսում կան XII-XIIIդդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը։ Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIIIդ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները։ Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099թ.), Մեծ իշխան Պռոշը (1284թ.)։

Կեչառիսի վանքը ողջ կերպարով համահնչուն է շրջապատի բնապատկերին։

Մայրավանքը գտնվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտակայքում:

Սրբատաշ բազալտից կարուցված Ս.Աստվածածին եկեղեցին (XI-XIIդդ.) մեկ զույգ արևմտյան մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով: Բեմի վեմքարի տեղ խաչքար է դրված: Եկեղեցու հարավ-արևմտյան և հյուսիսային կողմերում միաբանության շենքերի ավերակներն են:

Մայրավանքը հիշատակվում է VII դարից՝ կապված վանահայր Հովհան Մայրավանեցու (Մայրագոմեցի) հետ: Եզր Ա Փառաժնակերցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմած և Մայրավանք քշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել էՄայրագոմ”, իսկ Հովհանին՝Մայրագոմեցի”:

451թ.-ի Քաղկեդոնի ժողովից հետո Քրիստոնեական եկեղեցին պառակտվել էր և, հետևաբար թուլացել էր բյուզանդական եկեղեցու ազդեցությունը Հայ եկեղեցու վրա: Միակամության գաղափարը ստեղծվել էր բյուզանդական կայսրերի կողմից և նրա հիմնական նպատակն էր՝ ստեղծել կամուրջ պառակտված եկեղեցիների միջև և վերականգնել կորցրած ազդեցությունը: 633թ.-ին՝ Կարինի ժողովի ժամանակ, Եզր կաթողիկոսը ստիպողաբար ընդունել էր Միակամության գաղափարը: Բայց միակամությունը Հայաստանում չի արմատավորվել և համարվել է քաղկեդոնականություն: Կաթողիկոսի դեմ ժամանակի հայ աստվածաբաններից միայն Հովհան Մայրավանեցին է բացահայտ հանդես եկել:

Վանքը կառուցել է Մանուել Ամատունի իշխանը VI դ. վերջին և VIIդ. սկզբին: Եկեղեցին իր չափսերով շատ մեծ է և հարուստ է ճարտարապետական առանձնահատկություններով:

606թ.-ին Պտղնավանքի ներկայացուցիչ Իսրայելը ստորագրել է Հայաստանի եպիսկոպոսների ու վանահայրերի միությունը հաստատող փաստաթուղթը:

Եկեղեցին ունի զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Ունի բուսական ու երկրաչափական զարդաքանդակներով ու պատկերաքանդակներով հարուստ հարդարանք: Եզակի է սափորների քանդակաշարով քիվը: Հարավային շքամուտքի կամարի կենտրոնում Աստվածածնի պատկերաքանդակն է` երկու կողմերում հրեշտակներով: Քանդակից աջ և ձախ երեքական առաքյալների դիմաքանդակներն են. մյուս վեցը հավանաբար եղել են արևմտյան շքամուտքի վրա:

Հարավային մուտքի զարդակամարի ձախ` հորիզոնական մասին առյուծին նետահարող, քառատրոփ սլացող ձի հեծած Մանուել Ամատունու քանդակն է: Զարդակամարի աջ կողմում` առյուծի հետ նիզակով մենամարտող Սահակ Ամատունին (Մանուելի որդին): Հյուսիսային ճակատի լուսամուտների կամարակալներին մեծ վարպետությամբ, իրենց բնորոշ շարժման մեջ պատկերված են զանազան թռչուններ: Ուշագրավ է արմավենու տակ նստած առյուծի քանդակը:

Պտղնավանքի պատկերաքանդակները վաղ միջնադարի հայկական արվեստի արժեքավոր և ինքնատիպ ստեղծագործություններից են:


Comments