Նախագիծն ընդգրկված է քառօրյա նիստի օրակարգում

posted Feb 14, 2011, 2:55 AM by Civil Society Initiative Armenia   [ updated Feb 14, 2011, 3:00 AM ]

Քաղաքացիական հասարակության նախաձեռնության հարգելի անդամներ,

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱԺ վեբ-կայքում տեղադրված տեղեկատվության և ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվության` <<Հասարակական կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդգրկված է Ազգային ժողովի 4-րդ գումարման 9-րդ նստաշրջանի փետրվարի 7-ին սկսվող չորսօրյա նիստերի օրակարգում (http://www.parliament.am/drafts.php  թիվ 144):

Օրենքի վերաբերյալ մեր մտահոգությունները դեռևս 2010թ-ի դեկտեմբեր ամսին գրավոր ներկայացրել էինք  ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին: Չնայած օրենքի նախագիծը օրակարգում չներառելու մեր հորդորներին` Հանձանժողովն, այնուամենայնիվ, նախագիծը շրջանառությունից չհանեց: Միաժամանակ դեկտեմբեր ամսին նամակներ էինք ուղղել նաև ԱԺ բոլոր պատգամավորներին` կոչ անելով չքվեարկել օրենքում փոփոխություններ կատարելու օգտին: Սակայն, ժամանակի սղության պատճառով, օրենքի նախագիծն այդպես էլ չդրվեց քննարկման ԱԺ 8-րդ նստաշրջանում` հետաձգվելով մինչև 9-րդ գարնանային նստաշրջան:

Նկատի ունենալով այն, որ օրենքի հեղինակ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարարությունը ղեկավարող պարոն Գևորգ Դանիելյանը և ՀՀ ազգային ժողովում Արդարադատության նախարարության անունից օրենքը ներկայացնող պարոն Գևորգ Մալխասյանը այլևս չեն պաշտոնավարում` հունվարի 21-ին ՔՀՆ-ի անունից նամակ ենք հղել Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանին` առաջարկելով հետ կանչել ԱԺ-ից օրենքի նախագիծը և ձևավորել աշխատանքային խումբ, հասարակական կազմակերպությունների օրենսդրական դաշտի բարեփոխման համապարփակ փաթեթ մշակելու նպատակով:

Միաժամանակ փետրվարի 2-ին ՔՀՆ-ի անունից նամակ ենք հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` կոչ անելով հետաձգել օրենքի նախագծի` 9-րդ նստաշրջանի օրակարգի մեջ ընդգրկումը` օգտվելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված լիազորությունից:  

Փետրվարի 7-ին, երբ կսկսվի ԱԺ նիստերի քառօրյան, պարզ կդառնա արդյոք օրենքի նախագիծը կքննարկվի գալիք քառօրյաի ընթացքում, թե ոչ: Քաղաքացիական հասարակության նախաձեռնության հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք հաջորդիվ:

Comments